Բաժիններ՝

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին

Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը»,  նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։

Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։  Ռոտերդամի փառատոնում մեկ առանձին ընդարձակ ծրագրով հայկական  կինոյի նորովի ներկայությունը հրաշալի հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական կինոարվեստն ու պատմությունը։

Ռոտերդամի կինոփառատոնի այս և մյուս կարևոր ծրագրերի մասին տեղեկացնում է press.iffr.com կայքը։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ,

«Նռան գույնը» ֆիլմի (1969)  մասինհետազոտություններն իրականացնող և վերականգնման աշխատանքների մասնագետ ԴենիելԲըրդը ներկայացնելու է կինոնկարի հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ ինստալյացիա ձևաչափով:

Ինչպես հայտնի է, կինոկենտրոնի ու Դենիել Բըրդի ջանքերով դեռ անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։ Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը, որից հետո Փարաջանովի արդեն վերականգնված աշխատանքը ներկայացվել է տարբեր մշակութային ձեռնարկների և միջազգային կինոփառատոնների շրջանակներում։  Բացի այդ, Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու լեհական «FIXAFILM»  ընկերությունը նույն ծրագրի շրջանակում երկարատև ու համառ աշխատանքի շնորհիվ սկսեցին վերականգնել  Փարաջանովի «Նռան գույնը» հիմնական ֆիլմից դուրս մնացած կադրերը։ Ազգային կինոկենտրոնի ջանքերով գտնվեց մասնագետ, որը տեղում սկսեց վերականգնման աշխատանքները։ Արդեն վերականգնվել է  կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավենը կազմում է 103  տուփ։

«Նռան գույնը» ֆիլմի  թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով կցուցադրվեն Ռոտերդամի փառատոնում։ Շնորհանդեսը նախատեսված է Ամստերդամի սբ․Արմենիուս եկեղեցում, որի հատակին տեղադրված 31 մոնիտորները անընդհատ ցուցադրելու են փարաջանովյան կադրերը՝ Տիգրան Մանսուրյանի  երաժշտության ներքո։ Հաջորդիվ տեղի կունենան Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունները, ինչպես նաև նախատեսված է կոնֆերանս-սիմպոզիում, որի հիմնական ուղղությունը հայկական դասական ու ժամանակակից կինոն է լինելու։

Առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը  1988-ին է հրավիրվել՝  մասնակցելու Ռոտերդամի փառատոնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս