«Նիկոլայ Բաղդասարյանի ասածի ընդհանուր տրամաբանությունը հասկանում եմ, սակայն համաձայն չեմ նրա առաջ քաշած խնդրի հետ». Տիգրան Աթանեսյան
Հունվարի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն՝ որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել ՀՀ կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Ըստ ՄԻԵԴ-ի որոշման՝ Սամվել Մայրապետյանը բուժման նպատակով կարող է մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է:
ՄԻԵԴ-ը զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի ընդունած այս որոշման համար մեղավոր են նախկին իշխանությունները։
Ըստ նրա, որոշումները վերաբերում են նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենքներին, և սխալ է դրա համար մեղադրել նոր իշխանություններին։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլայ Բաղդասարյանի այս հայտարարությանը, նկատեց, որ ըստ տրամաբանության՝ Ն. Բաղդասարյանը ցանկացել է նշել, որ Հայաստանն իրականում ունի ոչ թե վատ վարչարարություն, այլ օրենքներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնելու պատշաճ վարչարարություն։
«Ամեն դեպքում, եթե գործող օրենքները լինեն շատ լավ կամ վատ, միշտ էլ իշխանությունը կարող է, օրինակ՝ Սամվել Մայրապետյանի գործի նմանության այլ գործերում, գնալ մեղադրվող անձին ընդառաջ և փորձել ապահովել նրա բուժումը։ Իհարկե, մենք չունենք հստակ կարգավորումներ, այս հարցում համաձայն եմ պարոն Բաղդասարյանի հետ։
Մեր Քրեական դատավարությունը չունի հստակ կարգավորում, թե նման դեպքերում ինչ է պարտավորում անել վարույթ իրականացնող մարմինը կամ դատարանը։ Բայց այդուհանդերձ, Դատախազությունն ունի բավականին մեծ իշխանություն, թեպետ ուղղակի պարտավորված չէ, սակայն վարչարարության սկզբունքներից ելնելով՝ կարող է անել այն, ինչ անհրաժեշտ է, այսինքն՝ Սամվել Մայրապետյանին և՛ ազատ արձակեր, և՛ գրավ կիրառեր, այսինքն՝ ապահովեր, որ այդ անձը մեղադրյալի կարգավիճակով գնար արտերկիր, բուժվեր և վերադառնար, դրա համար մենք չունենք օրենսդրական արգելք»,- նշեց Տիգրան Աթանեսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Նիկոլայ Բաղդասարյանի ասածի ընդհանուր տրամաբանությունը հասկանում է, սակայն նրա առաջ քաշած խնդրի հետ համաձայն չէ։
Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին՝ կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքով։
Դեկտեմբերի 27-ին Ս. Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Սակայն նրան արգելել էին բուժվելու նպատակով լքել Հայաստանը, որի համար էլ նրա փաստաբանները դիմել էին ՄԻԵԴ։
Զվարթ Խաչատրյան