Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի որոշման համար նախկին իշխանությունն է մեղավոր. Նիկոլայ Բաղդասարյան
ԱԺ «Իմ քայլը» դաշինք խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադաձավ ՄԻԵԴ-ում գործարար Սամվել Մայրապետյանի գործով կայացված որոշմանը և այն քննադատություններին, թե տարբեր գործերով ՀՀ նոր իշխանությունները կարող են պարտվել ՄԻԵԴ-ում:
Բաղդասարյանն ասաց, որ եթե որոշումները վերաբերում են նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենքներին, սխալ կլինի ասել, որ դա նոր իշխանությունների մեղքն է:
«Եթե որոշումները կլինեն այն պատճառով, որ մեր պետությունում մեր կողմից կընդունվեն օրենքներ, որի արդյունքում կխախտվի մարդու իրավունքները, կասեմ՝ մեր մեղքն է: Եթե արդարադատության նախարարությունը համապատասխան միջամտություն չի անի, այսինքն՝ չի գնա դեպի հաշտություն, ուղղելու և գնա հին տարբերակով, որ ամեն ինչի դեմ պետք է պայքարել, կասեմ՝ դա մեր մեղքն է: Սամվել Մայրապետյանի գործով այդ օրենքն ընդունվել է նախորդ իշխանության օրոք, կարող եմ կառավարության որոշումը հանել ու ցույց տալ, թե ով է տակը ստորագրել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ Արփինե Հովհաննիսյանի կամ Դավիթ Հարությունյանի նախարարության օրոք է եղել այդ որոշման ընդունումը, բայց հիմա ասում են, որ իրենք չեն մեղավոր:
Նա չհամաձայնեց, որ իրավապահների կողմից գործերի քննությունները շտապողականություն է ցուցաբերվում: