Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում. Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները չեն կարողանում մարել վարկերը
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները գործազուրկ դառնալուց հետո չեն կարողանում վճարել իրենց վարկերը, ասում են՝ ամեն օր մեկը մյուսից պարտքով գումար են վերցրել, հիմա արդեն սա էլ հնարավոր չէ:
«Որոշել ենք խումբ ստեղծել, որը կհավաքի վարկ ունեցողների տվյալները, որից հետո կդիմենք համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի միջամտեն վարկերը վերաձևակերպելու համար: Մարդկանց մեծ մասն ի վիճակի չեն մարել վարկերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետալուրգիական արտադրամասի պետ Գարեգին Անթաշյանը:
Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի հետագային՝ նշեց. «Մի ամբողջ քաղաք անորոշ սպասում է։ Սոցիալական վիճակն էլ օրեցօր վատանում է, իսկ գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում»։
Մետալուրգիական արտադրամասի աշխատողներից Արմեն Կիրակոսյանն էլ նշեց, որ հույսով սպասում են որևէ նորության:
«Վարկերի առումով էլ արդեն շատերի գործերը շուտով կգնան ԴԱՀԿ: 600 նախկին աշխատողներից մոտ 580-ը վարկառու է»,- հավելեց Արմեն Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։
Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ- Հայաստան բանկի» սեփականությունն է:
Նշենք, որ 2018թ. որ նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը:
«Թեղուտի հանքավայրն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի հսկողության ներքո։ Մենք պարտավորություն ենք դրել բանկի վրա՝ ներգրավելու նոր օպերատոր, ով կաշխատացնի այդ հանքավայրը։ Հիմա մեր հայրենակից, ռուսաստանահայ Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը։ Մենք մի պայման ենք դրել ու խնդիր ենք առաջադրել Պետրոսյանին, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե պատմությունը երկարի, պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում: Բայց առանց այդ ամբարտակի նորոգման՝ հնարավոր չէ աշխատեցնել հանքը։ Շուրջ 14 մլն դոլարի ներդրում է պետք վերանորոգման համար, որից հետո հանքավայրը կաշխատի, հնարավորինս արագ, շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,- ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը:
Անի Կարապետյան