«Անասնաֆերմա» գիրքն առաջին հորիզոնականում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է դեկտեմբերի վաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
Երկրորդ հորիզոնականում է Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը: Այն Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
Չորրորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վիպակը հինգերորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել William Saroyan մատենաշարով: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Վեցերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվանմամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:
«Օտարագիր» մատենաշարով լույս տեսած Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վիպակը յոթերորդ հորիզոնականում է: Վերջինս Սարոյանի ամենահայտնի ու սիրված գործերից է: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունն ութերորդն է: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, հեղինակի՝ դատը շահելուց հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան:
Ամսվա լավագույնների ցուցակում հաջորդը «Շառլ Ազնավուր. դարի երգիչը» գիրքն է: Գրքում ամփոփված են Ազնավուրի երգերի և բանաստեղծությունների երեք թարգմանիչների` Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի և Պերճ Թյուրաբյանի թարգմանությունները, որոնք ուղեկցվում են նաև մեծ շանսոնյեի չափածո գործերի ֆրանսերեն տեքստերով: Ժողովածուն բացվում է տաղանդաշատ գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի փայլուն էսսեով, որտեղ նա, դեռևս անցյալ դարի 60-ականներին, կարծես տեսնում էր այսօրվա Ազնավուրին:
Ամենավաճառված թարգմանությունների ցուցակն եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. լույս տեսած «1984» հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ հրատարակվեց միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ. The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը