«Տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթ է». Արսեն Բաբայան
Մամուլում այսօր տարածվել է տեղեկութուն, թե իբր ԱԺ աշխատակազմը բենզինի և բյուջեի խնայողություններն իրականացրել է հեղափոխության արդյունքում, թե իբր Աշխատակազմը միջոցները չի կարողացել «տակով անել»:
Տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթ է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմը զգալի տնտեսումներ է ունեցել նաև 2017 թվականին, մասնավորապես՝ շուրջ 50.000 լիտր բենզին և շուրջ 50 միլիոն ՀՀ դրամ: Տնտեսված բենզինը տեղափոխվել է 2018 թվական, հետևաբար 2018 թվականին տնտեսված բենզինի չափով քիչ բենզին է գնվել, արդյունքում կրկին ունեցել ենք գումարի տնտեսում:
2017 թվականին բենզինի գծով տնտեսումները սկսվեցին, երբ Աշխատակազմը նվազեցրեց հատկացվող բենզինի ամսական սահմանաչափերը: Այդ պահից սկսած Աշխատակազմին հաջողվեց ամսական տնտեսել շուրջ 7.000 լիտր բենզին: Նույն տարում հանձնաժողովների քանակի նվազմամբ կրճատվեցին նաև ծառայողական ավտոմեքենաները, որի արդյունքում էլ հնարավոր եղավ տնտեսել լրացուցիչ բենզին և այդ ավտոմեքենաների շահագործման ծախսերը:
Բենզինի սպառման սահմանաչափերի կրճատումները շարունակվեցին 2018 թվականին, միաժամանակ կրճատելով 14 ավտոմեքենա:
2018 թվականի տնտեսումների կտրուկ ավելացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով և համակարգմամբ, որոնց ներդրումն սկսվել էր դեռևս 2017 թվականին, երբ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է իշխանափոխություն տեղի ունենալ: Հենց այդ ժամանակ Աշխատակազմի համար արդեն պարզ էր, որ 2018-ին տնտեսումները լինելու են զգալի: Օրինակ՝ ներդրվեց էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը, որի արդյունքում զգալի տնտեսումներ ունեցանք թղթի, տպիչ սարքերի, դրանց թանաքի ու սպասարկման գծով, կանոնակարգվեցին և նվազեցվեցին ներկայացուցչական և գործուղումների գծով, ինչպես նաև բազմաթիվ այլ ուղղություններով ծախսերը: Այս նպատակների համար ընդունվեցին բազմաթիվ իրավական ակտեր:
Անհնար է ունենալ տնտեսում և դրանք արտացոլված չլինեն համապատասխան փաստաթղթերում: Պնդումը, թե մինչ այս իրականացված տնտեսումները որևէ տեղ ամրագրված չեն եղել և փաստաթղթերով չեն երևացել, զուրկ է թե առողջ տրամաբանությունից, թե ողջամիտ դատողությունից:
ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ