ՀԲ-ն չի հավատում Հայաստանի տնտեսության թռիչքաձև աճին. Ի՞նչ է մտածում կառավարությունը
Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ տնտեսության աճի վերաբերյալ հերթական զեկույցը, որտեղ տեղ է գտել նաև Հայաստանը։ Դատելով ներկայացված կանխատեսումներից՝ ՀԲ գնահատականներն ամենևին էլ չեն փայլում լավատեսությամբ։ Մինչդեռ կառավարությունը խոսում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու և թռիչքաձև աճ ապահովելու մասին։
Ըստ ՀԲ զեկույցի, ընթացիկ տարվա համար Հայաստանում կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի ընդամենը 4,3 տոկոս ավելացում։
Լա՞վ է, թե՞ վատ այս ցուցանիշը, դեռ գնահատելու բազմաթիվ առիթներ կլինեն։ Բայց փաստն այն է, որ դա որևէ կերպ չի տեղավորում տնտեսության թռիչքաձև աճ ապահովելու խոստումների մեջ։
Այն ցածր է՝ ինչպես կառավարության կանխատեսումներից, այնպես էլ՝ անցած տարվա տնտեսական աճի սպասումներից։
Հիշեցնենք, որ 2019թ. համար պետական բյուջեով պլանավորված է ՀՆԱ 4,9 տոկոս ավելացում։ Թեև դեռևս չեն ամփոփվել 2018թ. արդյունքները, այնուհանդերձ սպասումները 5 տոկոսի սահմաններում են։ Ի դեպ, այն զգալիորեն զիջում է ոչ վաղ անցյալում կառավարության ներկայացրած կանխատեսումներին։ Հոկտեմբերին տնտեսական աճի ակնկալիքները վերջինս գնահատում էր 6,5 տոկոսի սահմաններում։ Ընդամենը երկու-երեք ամիս պահանջվեց համոզվելու համար, որ այն չափազանցված է։
Համաշխարհային բանկը չի հավատում Հայաստանի տնտեսության թռիչքաձև աճին նաև հաջորդ երկու տարիների համար։ Թե՛ 2020թ., և թե՛ 2021թ. կանխատեսվում է ՀՆԱ 4,6 տոկոս ավելացում։
Չնայած իշխանափոխությունից հետո ձևավորված չափազանց բարձր սպասումներին, այնուհանդերձ Հայաստանի տնտեսական աճի գնահատականներն իրենց լավատեսությամբ չեն փայլում նաև հարևան որոշ երկրների համեմատ։ Մասնավորապես՝ Վրաստանում Համաշխարհային բանկն ակնկալում է 5 տոկոս աճ, որը կպահպանվի նաև հաջորդ տարվա ընթացքում։
ՀԲ փորձագետների գնահատականներով, ինչպես մի շարք երկրների, այնպես էլ Հայաստանի համար ռիսկային են համարվում կառուցվածքային բարեփոխումների ներկայիս ընթացքի դանդաղումը կամ փոփոխությունը։ Թե ինչ կառուցվածքային բարեփոխումների մասին է խոսքը, այնքան էլ կարևոր չէ։ Մի բան փաստ է, որ տնտեսական իրավիճակի վերաբերյալ կառավարության ու վարչապետի պաշտոնակատարի լավատեսությունը չեն կիսում Համաշխարհային բանկի փորձագետները։ Եվ դա հավանաբար ունի իր պատճառները։
Իշխանափոխությունից հետո Հայաստանում չստեղծվեցին բավարար հիմքեր հետագա տնտեսական զարգացումների սահուն ապահովման համար։ Ընդհակառակը՝ ի հայտ եկան բազմաթիվ բացասական գործոններ, որոնք լուրջ ռիսկեր ստեղծեցին տնտեսական հատվածի մասնակիցների համար։ Տնտեսական աճի ակտիվությունը գնալով դանդաղեց։ Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։ Դրա հետևանքով տնտեսական աճի սպասումները զգալիորեն նվազեցին։ Պատահական չէ, որ առաջին կիսամյակում գրանցված համախառն ներքին արդյունքի 8,3 տոկոս ավելացումից հետո տարեվերջի ակնկալիքները կազմում են ընդամենը 5 տոկոս։
Ակնհայտ է, որ տնտեսական աճի միտումները տարեվերջին ընդառաջ բավականաչափ դանդաղեցին։ Դրանք պահպանվում են նաև այս տարվա սկզբին։ Սպասվում է, որ տարին կմեկնարկի նույնիսկ տնտեսական անկումով։ Ու դեռ հարց է, թե հետագայում որքանով կհաջողվի շրջել իրավիճակը։ Կառավարությունն առայժմ չի կարողանում լուրջ հիմքեր ստեղծել տնտեսական գործընթացներն ակտիվացնելու համար։ Այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչ տնտեսական հեղափոխության կամ թռիչքաձև աճի մասին կարող է խոսք լինել։ Ամեն դեպքում, նման հայտարարություններից բացի, կառավարությունը գրեթե գործնական քայլեր չի իրականացրել դրան հասնելու համար։
Սպասել, որ այդ պայմաններում տնտեսական հեղափոխություն կամ թռիչքաձև աճ կլինի, անիմաստ է։ Թերևս պատահական չէ, որ աստիճանաբար մարում են նաև միջազգային կազմակերպությունների այն լավատեսական սպասումներ, որոնք ի սկզբանե ձևավորվել էին Հայաստանի տնտեսության նկատմամբ իշխանափոխությունից անմիջապես հետո։ Ու թե ինչո՞ւ այդպես եղավ, հավանաբար պետք է հարցնել կառավարությանը։
Որքան էլ իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանի տնտեսության նկատմամբ արտաքին ու ներքին հետաքրքրություններն էապես կմեծանան, այնուհանդերձ, անցած ութ ամիսները ցույց տվեցին, որ սպասումները խիստ չափազանցված էին։ Լուրջ խզում է առաջացել՝ հատկապես ներդրումների հետ կապված։ Ինչքան էլ կառավարությունը խոսում է արտաքին կապիտալի համար իդեալական պայմաններ ապահովելու մասին, ներդրողները խուսափում են մուտք գործել Հայաստանի տնտեսական միջավայր։ Մինչդեռ առանց այդ գումարների՝ դժվար է պատկերացնել տնտեսական զարգացումը, առավել ևս՝ թռիչքաձև աճը։
Իշխանափոխությունից հետո գրեթե չկան նոր բիզնես-ծրագրեր։ Տնտեսական կյանքը սառած վիճակում է։ Կառավարությունը ոչ միայն քայլեր չի անում այն ակտիվացնելու ուղղությամբ, այլև պարբերաբար խնդիրներ է ստեղծում տնտեսվարողների համար։
Ուստի չպետք է զարմանալ, որ Համաշխարհային բանկի փորձագետների կանխատեսումները Հայաստանի առաջիկա տնտեսական զարգացումների վերաբերյալ այնքան էլ ոգևորող և հուսադրող չեն։ Եթե դրանք իրականանան, ապա առաջիկա երեք տարիներին դժվար է սպասել ոչ միայն լուրջ տնտեսական զարգացումներ, այլև սոցիալական իրավիճակի բարելավում։
Մինչդեռ իշխանափոխությունից հասարակությունը չափազանց մեծ ակնկալիքներ ուներ, որոնք առայժմ չեն արդարանում։ Չկան բավարար հիմքեր նաև հետագայի համար։ Տնտեսության զարգացման ճանապարհով սոցիալական իրավիճակը աստիճանաբար բարելավելու փոխարեն՝ կառավարությունը գնում է այլ ուղղությամբ. Իրականացվում են միջոցառումներ, որոնք առաջիկայում կարող են էլ ավելի սրել վիճակը։ Խոսքը, մասնավորապես, պետական համակարգում սպասվող կառուցվածքային փոփոխությունների և աշխատողների կրճատման մասին է։
Ինչևէ, սրանք դեռևս կանխատեսումներ են, որոնք կարող են իրականանալ կամ ոչ։ Ժամանակը ցույց կտա, թե գնահատականները որքանով են հիմնավոր։
Ամեն դեպքում, առկա դրսևորումները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը մտել է պասիվացման փուլ և շարունակում է գնալ այդ ճանապարհով։ Բազմաթիվ ցուցանիշներ շարունակում են վատանալ։ Իրավիճակը շտկելու ուղղությամբ կառավարության քայլերը, եթե այդպիսիք նույնիսկ կան, խիստ անբավարար են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ