
Իրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Եվրամիության պատժամիջոցների դեմ

Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Իրանի քաղաքացիների դեմ Եվրամիության պատժամիջոցների կապակցությամբ, որոնց մեղադրում են ահաբեկչության մեջ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ի պատասխան այդ քայլին անհրաժեշտ հակամիջոցներ կձեռնարկի պատասխան գործողությունների շրջանակում»,- հայտնել է Քասեմին Telegram-ալիքում, նշելով, որ Եվրամիության որոշումը զարմանք է հարուցում, իսկ Իրանին հասցեագրված մեղադրանքներն անհիմն են:
Ինչպես ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը հունվարի 9-ին հրապարակվել է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել ու ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների սեւ ցուցակը, որոնք 2011 թվականին սահմանվել են ահաբեկչական գործունեության մեղադրանքներով:
«Երկու ֆիզիկական անձ եւ մեկ կառույց՝ Իրանի հետախուզության եւ անվտանգության նախարարության ներքին անվտանգության դիրեկտորատը, ներառված են ԵՄ-ի հակաահաբեկչական ցուցակում՝ ի պատասխան Եվրամիության տարածքում կանխված մահափորձի», նշվում է փաստաթղթում:
Ներկայում Իրանի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակը ներառում Է 15 մարդ եւ 21 կազմակերպություն: Այս պատժիչ ռեժիմը ոչ մի կերպ կապված չԷ այն պատժամիջոցների հետ, որոնք Եվրամիությունը չեղարկել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրմամբ, որը երաշխավորում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
ԵՄ-ի երկրները Իրանի ուժային կառույցներին մեղադրում են երկրի ընդդիմության՝ տարագրության մեջ գտնվող ներկայացուցիչների վերացմանն ուղղված գործողություններ իրականացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: