Գազի գնի բարձրացումը կանդրադառնա սպառողական շուկայի գների վրա. թանկացումներն անխուսափելի են

2018թ. վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը թանկացնելու է գազի գինը՝ 1000 խմ-ի դիմաց այն 150 դոլարից դարձնելով 165 դոլար։

Չնայած այս որոշմանը, այսօրվանից սկսած Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» բանակցությունների նոր փուլ են սկսում:

Հայաստանյան բազմաթիվ փորձագետների կարծիքով՝գազի գնի բարձրացումը կանդրադառնա մի շարք ապրանքների գների վրա, բայց թե ապրանքները քանի դրամով կթանկանան՝ այս պահին դժվար է ասել։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով, որպեսզի պարզ լինի, թե գազի գնի բարձրացման հետևանքով որ ապրանքը քանի դրամով կարող է թանկանալ, պետք է հաշվարկներ արվեն։

«Այս պահին դեռևս հարց է, որ, եթե սահմանին գազի գինը 15 դոլարով բարձրանում է, սպառողների մոտ նույն չափո՞վ է բարձրանում, թե՞ ավելի քիչ։ Պետք է հստակ հաշվարկներ անենք այս հարցերի պատասխանը ստանալու համար։ Բացի այդ, եթե նախկինում գազը սահմանին վաճառվում էր 150 դոլարով, այն տնտեսվարողներին, օրինակ՝ հացի փուռ ունեցողին, հասնում էր ավելի թանկ, եթե չեմ սխալվում՝ 215 դոլարով»,- ասաց Կարեն Չիլինգարյանը։

Ըստ նրա՝ թանկացումներից խուսափելու համար «Գազպրոմ Արմենիան» պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի գազի գինը չբարձրանա։

«Սա, տնտեսականից բացի, նաև քաղաքական հարց է, եթե գազը թանկանա, կառաջանան քաղաքական հարցեր, էլ տնտեսականի մասին չեմ խոսում»,- շեշտեց Կ. Չիլինգարյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ գազի թանկացման հետևանքով թանկանալու են բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի օգտվում են գազի սպառումից, ուստի թանկացումներն անխուսափելի են։

«Ըստ էության հասկանում ենք, որ այսօր գազը գրեթե բոլոր արտադրություններում և հիմնականում որոշակի ծառայություններում օգտագործում են։ Այս առումով թանկացող ապրանքների ցանկը կարող է շատ երկար լինել։ Բնական է, որ այն ապրանքները, որոնք արտադրելիս օգտագործում են գազ, համապատաստան ձևով թանկանալու են։

Փաստորեն, այստեղ բոլոր դժվարությունները բացառապես կրելու են շարքային սպառողները։ 15 դոլար են ասում ու մտածում են՝ սա չնչին գումար է, բայց այդ գումարը բավականին մեծ է, հատկապես Հայաստանի համար, որտեղ կա աղքատության բավականին բարձր շեմ։ Այս պարագայում գազի թանկացումն էականորեն կազդի ընտանիքների առանց այդ էլ աղքատ բյուջեի վրա»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը։

Նրա դիտարկմամբ՝ գազի գնի բարձրացման հետ կապված՝ պետք չէ տրամաբանություն փնտրել, քանի որ Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է, իսկ վաճառողն այս պարագայում կարող է առաջնորդվել գնային այն քաղաքականությամբ, որը կա ամբողջ աշխարհում։ Իսկ Հայաստանը՝ պայմանավորված բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, մինչև նախորդ տարի կարողանում էր համեմատաբար ավելի էժան գազ գնել։

«Ինչպես վարչապետը հայտարարեց, գազի գնի հետ կապված ընթանում են բանակցություններ, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենան։ Պարզ է, որ այս հարցն իր մեջ պետք է պարունակի նաև քաղաքական բաղադրիչ։ Խոշոր հաշվով, իրացնողը, կոպիտ ասած, մեծ շուկա է, իսկ գնորդը կարող է կա՛մ գնել, կա՛մ ոչ։ Ինչ էլ լինի՝ մենք պետք է հասկանանք, որ բոլոր երկրները հետապնդում են իրենց շահը, որոնք կարող են լինել բացահայտ կամ թաքնված։

Տվյալ պարագայում Ռուսաստանը՝ պայմանավորված իր շահերով և այն հանգամանքով, որ նախորդ տարի ավարտվել է մեզ հետ կնքված պայմանագրի ժամկետը, կարող է իրեն ազատ զգալ՝ գազի գնի վերանայման հետ կապված։ Գազի գնի հետ կապված այս փոփոխությունը կարող է մեկ կամ մի քանի ամիս տևել, ուրեմն հավանականությունը մեծ է, որ գազի գինն ավելի կբարձրանա»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս