
Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել

Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար Ջիմ Կիմի պաշտոնաթողությունն անակնկալ է դարձել աշխատակիցների համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանկի մի աղբյուր:
«Պաշտոնաթողությունն անակնկալ դարձավ»,- ասել է նա: Համաշխարհային բանկի խմբի նախագահ Ջիմ Յոն Կիմը հայտնել է, որ փետրվարի 1-ից պաշտոնաթող է լինում, բանկի ղեկավարի պարտականությունները կկատարի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան:
Կիմը պաշտոնից հեռանում է 2022 թվականին իր լիազորությունների ժամկետը լրանալուց շատ առաջ: Նա բանկի նախագահ է աշխատել ավելի քան վեց տարի: Հրաժարականի պաշտոնական պատճառը բանկիրի ցանկությունն է վերադառնալու տնտեսության մասնավոր հատված:
«Համաշխարհային բանկի աշխատակիցներին ուղարկել են տեսագրություն, որով դիմում են բոլորին՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է եւ անհանգստանալու կարիք չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ աշխատակիցներին հայտնել են, որ խմբի նոր նախագահի որոնումն արդեն սկսվել է: