«ՀՀ կառավարությունը պետք է պահանջի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի ամբողջական վերստուգում և հիմնավորում». տնտեսագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չնայած սահմանին գազի թանկացմանը, սպառողների համար կապույտ վառելիքը չի թանկանալու: Ինչպե՞ս է  դա հնարավոր, եթե «Գազպրոմ Արմենիան» արդեն իսկ դժգոհում էր շահույթի քչությունից և պնդում, որ աշխատավարձերի համար «Գազպրոմ» ընկերությունն է  հավելյալ վճարում իրենց, իսկ հայ-ռուսական գազային համաձայնագրով «Գազպրոմ Արմենիայի» համար պետք է ապահովվի որոշակի շահույթի մակարդակ, կամ ինչքա՞ն ժամանակ է հնարավոր դա ապահովել:

Այս հարցերին ի պատասխան՝ տնտեսագետ Հայկ Բալանյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց. «Ինչպես ուզում են, թող ապահովեն, պետք է կարողանան: Ավելին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հասնի նրան, որ ոչ միայն «Գազպրոմ Արմենիայի», այլև ՀԷՑ-ի և մյուս մենաշնորհային ընկերությունների պրեֆերենցիալ ծախսերը ստուգվեն, որքանով են անհրաժեշտ և հիմնավորված»:

Հ.Բալանյանի կարծիքով՝ մենաշնորհային ընկերություններն ունեն մեծ ծավալի, ուռճացված և անհիմն ծախսեր, որոնցից հեշտությամբ կարելի է հրաժարվել՝ առանց ընկերությունների գործունեությանը որևէ վնաս տալու, ընդ որում՝ ոչ միայն գազի սակագինը չավելացնելու, այլև այն նվազեցնելու չօգտագործված ռեզերվ կա, որի համար պետք է կառավարությունը պահանջի այդ ծախսերի ամբողջական վերստուգում և հիմնավորում:

«Այդ նույն «Գազպրոմ Արմենիան» ունի ուռճացված ապարատ, մեծ աշխատավարձերով, որոնք կուտակվել էին այն ժամանակ, երբ ՀՀ-ում գազ էին անցկացնում: Հիմա այդ գործընթացը չկա, իսկ ապարատը մնացել է: Յուրաքանչյուր գազի գրասենյակի կողքով անցնելիս այնպիսի ճոխ մեքենաներ են կանգնած, հասկանալի չի՝ ինչո՞ւ են այդքան աշխատավարձ ստանում: Ժամանակին ընկերությունն իր անձնակազմին տաքուկ տեղերում տեղավորեց, հիմա պետք է կրճատել: Այսինքն՝ գինը նվազեցնելու տեղ հաստատ կա»,- ասաց Հ.Բալանյանը:

Տեսանյութեր

Լրահոս