Բաժիններ՝

«Թքած ունենալու նուրբ արվեստը» վերադարձել է առաջին հորիզոնական

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ նոյեմբերի վաճառքների:

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Երկրորդ հորիզոնականում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն»-ը: «Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։

Լուկա Կայոլիի «Ռոնալդու» գիրքը երրորդ հորիզոնականում է: ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուի կարգավիճակը, որպես ֆուտբոլային գերաստղ, անվիճելի է։ Հաջողության հասնելու և կատարելագործվելու անհագ ծարավը նրան հասցրել է մարզական աշխարհի բարձրակետին: Նա այնտեղ է արդեն մեկ տասնամյակ։ Մադրիդում բնակվող լրագրող Լուկա Կայոլին համաշխարհային գերաստղի պատմությունը ներկայացնում է նրան շատ լավ ճանաչող մարդկանց՝ մարզիչների, թիմակիցների, ընկերուհիների և անձամբ իր միջոցով։

Չորրորդ հորիզոնականում է Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Չ. Ռեմփելի «Խաղացողը» գիրքը: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ և սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչև հարուստ կյանքի հասնելու պատմությունը: Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար և գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը և գործարքների անզուգական հանճարը: Թեև նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որևէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:

Հինգերորդ հորիզոնականում է Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»-ը: Այս գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։

Վեցերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Յոթերորդ հորիզոնականում Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն է: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է, պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Ութերորդ տեղում է Աիդա Ազնավուրի «Ափարիկս» գիրքը: Արևմտահայ ընտանիքներում զավակներն «ափարիկ» կոչում էին կրտսեր եղբայրներին: Այդպես է Աիդա Ազնավուր-Կառվարենցը կոչել Շառլին ու այնքան է սիրել, որ ամբողջ կյանքում նախանձախնդրությամբ հավաքել, պահպանել է նրա երգերի ձայնագրությունները, լուսանկարները, նամակները, ընտանեկան տարբեր մանրուքներ, որոնք ժամանակի ընթացքում մասունք են դարձել: Ապա, հենվելով այդ ամենի ու իր բացառիկ հիշողության վրա, գրի է առել հայ ժողովրդին համաշխարհային փառք, համբավ բերած իրենց գերդաստանի պատմությունը, որն անտարբեր չի կարող թողնել ոչ մի ընթերցողի:

Իններորդ տեղում է «37 խորհուրդ ուսանողներին» գիրքը: Գիրքը կօգնի հասկանալ, թե ինչ է հիշողությունը, կենտրոնացումը, կամքի ուժը, վերարտադրությունը, ոչ ստանդարտ մտածողությունը ( որը նաև անվանում են ստեղծագործ մտածողություն ) ու մի շարք այլ մտավոր կարևոր հմտությունները։ Ներառված են աշխարհի լավագույն հոգեբանների, նեյրոկենսաբանների, պրոֆեսորների և դասախոսների խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ և արագ սովորել նոր ինֆորմացիան, ինչպես զարգացնել թվարկված հմտությունները և դառնալ արդյունավետ ուսանող։

Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Ընթերցողը կբացահայտի, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում ընթերցողը կառնչվի ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզի, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:

«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» վերադարձել է առաջին հորիզոնական. փաստավավերագրական. նոյեմբեր, 2018

Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։

Gepostet von Armenpress am Donnerstag, 27. Dezember 2018

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս