Հայաստանը կողմ է ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծմանը
Կառավարությունը հավանություն տվեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ նախագծի հիմնավորման, 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հանդես է եկել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո ստեղծելու առաջարկությամբ, որն ընդունվել է մի շարք ԱՊՀ անդամ պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից: Ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները:
«Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովելու ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը»,- ասված է հիմնավորման մեջ: