
Երկարաձգվեց Սևանա լճում ձկնաբուծական տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրի արտոնությունը

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան Ակվա» ՓԲ ընկերությանը ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնության ժամկետը երկարաձգեց մինչև 2019 թվականի մարտի 24-ը։ Այն լրանում էր 2018-ի դեկտեմբերի 31-ին:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան Ակվա»-ն նախատեսում է տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում՝ կատարելով ընդհանուրը շուրջ 2,85 մլրդ դրամի ներդրումներ: Դրանցից կատարվել է շուրջ 2,38 մլրդ դրամը։ Ներկայումս ընկերությունում աշխատում է 27 մարդ, իսկ ներդրումային ծրագրի ամբողջական ցիկլն ապահովելու դեպքում՝ կստեղծվի ևս շուրջ 128 նոր աշխատատեղ։
Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանումների ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր: