«Հայաստանում առերեսվում ենք մի իրավիճակի հետ, երբ իշխանության ներքին օղակների չինովնիկները բոյկոտում են բարձրագույն իշխանության հրահանգներն ու որոշումները». Հովհաննես Գալստյան
«Հայաստանում առերեսվում ենք մի իրավիճակի հետ, երբ ներքին օղակների չինովնիկները բոյկոտում են բարձրագույն իշխանության հրահանգներն ու որոշումները։ Պարզ ասած՝ Հայաստանում այսօր չի գործում գործադիր իշխանության ուղղահայացը։ Ու դա շատ մտահոգիչ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմերի 3-ին Հովհաննես Գալստյանը հացադուլ էր մեկնարկել, ինչի պատճառը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծն էր, որը պետք է 2019 թվականին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։ Հացադուլը դադարեցվեց դեկտեմբերի 12-ին՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ նախնական պայմանավորվածության հասնելուց հետո: Ռեժիսորը 168.am-ին պատմել է իր հետագա քայելերի մասին:
– Դեկտեմբերի 12-ին դադարեցրեցիք հացադուլը և հայտարարեցիք, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից ստացել եք բավարար երաշիքներ «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրության շարունակության համար։ Մի փոքր կմանրամասնե՞ք։
– Դեկտեմբերի 12-ին նախարար Լիլիթ Մակունցի սենյակում մենք երկար բանակցություններ ունեցանք՝ մեր փաստաբան Նունե Դանիելյանի, ֆիլմի համառեժիսոր Մարինե Զաքարյանի, Մշակույթի նախարարության իրավաբանի, Ազգային կինոկենտրոնի տնօրենի, նախարարի խորհրդականի և նախարարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խոսակցությունն ամբողջովին ձայնագրվել է։ Նախարարը նախ հավաստիացավ իրավաբաններից, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտը՝ իր հրամանով ստեղծված հանձնաժողովը մերժել է ապօրինաբար։ Այդ հանձնաժողովը մեջքից հարված է հասցրել ոչ այնքան մեզ, որքան նոր Հայաստանին ու հենց մշակույթի նախարարին։ Մենք, իմանալով նրանց մեծ մասի իրավական տգիտության ու մասնագիտական անորակության աստիճանը, այլ բան չէինք էլ սպասում։ Իսկ նախարարը, չճանաչելով այդ մարդկանց, վստահել է հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ ֆիլմերի ֆինասավորման անկախ գործընթացի իրականացումը։ Ինչը նրանք խայտառակ ձևով տապալել են, ներքաշելով Հայաստանի Հանրապետությունը միջազգային սկանդալի մեջ։
Միայն այն, որ նախարարի կողմից միջգերատեսչական հանձնաժողով հրավիրվեց, որն էլ հաստատեց հայտի մերժման հակաօրինականությունը, ինձ բավական էր, որ ես դադարեցնեի հացադուլը, որովհետև մնացածը՝ իրավական գործընթաց է։ Մեր հայտը մերժել են ապօրինի։ Դրանով երկու տարի շարունակ պետական աջակցություն ստացած ֆիլմի արտադրությունը մտել է փակուղի։ 2016-18թթ. ֆիլմում արված 25 մլն դրամի միջազգային ներդրումները փոշիացվել են, սպասվող 175 մլն դրամի ներդրումները կասեցվել։ Հայկական կինոնախագիծը կանգնել է միջազգային գործընկերներին կորցնելու վտանգի առաջ։ Սրանք արդեն հաստատված իրողություններ են ու սրա մեղավորները, անկասկած, պատասխանատվության են ենթարկվելու։
– Պարոն Գալստյան, անցել է երկու շաբաթ, ի՞նչ փուլում է ֆիլմի արտադրությունը։
– Նախարար Լիլիթ Մակունցը հանդիպման ընթացքում շատ հստակ հրահանգներ տվեց Ազգային կինոկնտրոնի տնօրեն, ձկան պես լուռ նստած Շ․ Միրզախանյանին՝ ֆիլմի արտադրության համար ստանձնած պարտավորությունները վերահաստատելու, ֆիլմի ֆինանսավորման աղբյուրների զննություն՝ մոնիտորինգ իրականացնելու, այդ մասին իրեն զեկուցելու, ֆիլմի միջազգային գործընկերներին՝ արտադրությունը շարունակելու և ներդրումները վերսկսելու խնդրանքով նամակ ուղարկելու վերաբերյալ։ Ազգային կինոկենտրոնի տնօրենը որևէ առարկություն չուներ, բայց ուներ մեկ ցանկություն՝ ռեվիզիայի ենթարկել մեր կողմից ներկայացված արտադրության նյութերը։ Մենք արտադրության բավական ծավալուն փաթեթ ունենք, որ ներառում է մոտ 30 փաստաթուղթ։ Այս փուլում Կինոկենտրոնը դեռ ուսումնասիրում է դրանք։ Ի դեպ դրանց մեծ մասն իրենց մոտ առկա, իսկ մի մասը հենց իրենց հետ կնքած փաստաթղթեր են։ Ի՞նչն են այսքան երկար ուսումնասիրում՝ հայտնի չէ։ Փաստաթղթերի վրա կան դրանք ստորագրողների կոնտակտները, գուցե զանգեն ճշտե՞ն։ Այսինքն մինչև վերջ հիմար վիճակում դնեն իրենք իրենց ու որ ամենացավալին է՝ Հայաստանի պետական կինոկառույցը։
Իրականում, Կինոկենտրոնը կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային փոփոխության մեջ տեսավ նախարար Լիլիթ Մակունցի հրահանգները անտեսելու հնարավորություն, կառչեց դրանից ու հիմա ժամանակ է ձգում փչող քամիների ուղղությունը հասկանալու համար։
Վարչապետ Փաշինյանը հստակ հրահանգ է տալիս՝ ոչ մի կերպ չխոչնդոտել ներդրումներին։ Մշակույթի նախարարը՝ վարչապետի անմիջական ենթական, հրահանգում է ամեն ինչ անել միջազգային գործընկերներին ու նրանց սառեցրած ներդրումները փրկելու համար։ Իսկ կինոյի կառավարման ամենաստորին օղակի՝ Ազգային կինոկենտրոնի տնօրենն ինքնուրույն խաղ է տանում՝ դեմ գնալով իր վերադասների կողմից ուղիղ իրեն տրված հրահանգներին։ Կինոկենտրոնի տնօրենը նախորդ իշխանության երկարամյա սպասավորներից է ու սա ամենասովորական սաբոտաժ է, որ նա իրականացնում է նոր իշխանության դեմ։
Հայաստանում առերեսվում ենք մի իրավիճակի հետ, երբ իշխանության ներքին օղակների չինովնիկները բոյկոտում են բարձրագույն իշխանության հրահանգներն ու որոշումները։ Պարզ ասած՝ Հայաստանում այսօր չի գործում գործադիր իշխանության ուղղահայացը։ Ու սա շատ մտահոգիչ է։ Առաջին հերթին մտահոգիչ է հենց իշխանության համար։
– Այս տարի ավարտվում է Բուլղարիայի ու Գերմանիայի հետ կնքած ֆիլմի Համատեղ Արտադրության պայմանագրի գործողության ժամկետը։ Ի՞նչ է սպասվում ֆիլմին, եթե Կինոկենտրոնը շարունակի բոյկոտել նախարարության հրահանգները։
– Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է փետրվարին։ Մինչ այդ, ես հուսով եմ՝ Ազգային կինոկենտրոնը կփոխի իր քաղաքականությունը, կամ նոր տնօրեն կունենա։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ կինոկենտրոնը իր խորհրդային գործելաոճով կինոյի արդյունավետ կառավարման ամենամեծ խոչընդոտն է։ Այդ կառույցը պետք է վերակազմավորվի քանակապես և որակապես։ Միայն վերջին երեք տարիներին ՀՀ պետական բյուջեից կինեմատգրաֆիան սուբսիդավորվել է մոտ 2.5 միլիարդ դրամով։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ահռելի գումար է Հայաստանի համար։ 2.5 միլիարդ դրամ պետությունից սուբսիդիա ստացած կինոյի «կառավարիչները» չեն կարողացել գտնել «Տատիկիս Վարսերը» ֆիլմին խոստացած 55 մլն դրամը։ Միթե պարզ չի, որ սա նեղ, անձնական վրեժխնդրություն է, որի հիմքում իմ կողմից կինոյի կառավարման այսօր գործող մոդելի անխնա ու հիմնավորված քննադատությունն է։
Դեկտեմբերի 27-ին ես հրավիրել եմ մամուլի ասուլիս, որի ընթացքում կտարածեմ մեր ֆիլմի միջազգային գործընկերների հայտարարությունը։ Հուսամ բոլորին պարզ կդառնա, որ ֆիլմը ավարտին հասցնելու իմ գործընկերների վճռականությունը ոչ մի բանով չի զիջում հայաստանյան թիմի, իմ վճռականությանը։ Ինչպես արդեն հայտարարել էի, եթե մինչև այս տարվա ավարտը Կինոկենտրոնի կողմից ֆիլմի հանդեպ 2015 թվականին ստանձնած պարտավորությունը չվերահաստատվի, մեր գործընկերները հավելյալ հայց կներակայացնեն ընդդեմ ազգային Կինոկենտրոնի։ Դա ոչ մի կերպ չի ազդի ֆիլմը շարունակելու մեր կամքի վրա։
Հակառակը, դատական, այդ թվում միջազգային գործընկերների մասնակցությամբ դատական գործընթացը միայն դրական ազդակներ կտա ֆիլմին, որն այսօր, դեռ չնկարված հասարկության մեջ ավելի ջերմ աջակցություն ունի և ավելի պոպուլյար է, քան նախորդ երեք տարիներին 2.5 միլիարդ դրամով նկարահանված, էկրանին մի քանի օր մնացած ու մոռացության գիրկն անցած հայկական ֆիլմերի մեծ մասը։
Անի Գաբուզյան