Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո

Քիչ առաջ ավարտվեց կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հանդիպումը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Ինչպես 168.am-ին հայտնեց ռեժիսորը, կողմերը հասել են նախնական պայմանավորվածության, ինչից հետո ինքը որոշում է կայացրել՝ դադարեցնել 10 օր շարունակվող հացադուլը: «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի շուրջ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունն առաջիկա օրերին կամրագրվի պայմանգրի ստորագրմամբ:

Հիշեցնենք, որ ռեժիսորի հացադուլի պատճառը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծն էր, որը պետք է 2019 թվականին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։

Հացադուլից առաջ Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր, թե որոնք են կինոնախագծի առջև ծառացած խնդիրները. «2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, արտադրող ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնը ընդունել է նոր Կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

Ֆիլմի արտադրությունը դադարեցվել է, միջազգային արտադրողների ներդրումները՝ սառեցվել։ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերությանը հասցվել է բարոյական, ֆինանսական և արտադրական մեծ վնաս։

Ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ազգային Կինոկենտրոնի։ Մինչև 2018-ի ավարտը Կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության կատարման երաշխիքների բացակայության դեպքում, ֆիլմի միջազգային ներդրողները հավելյալ Հայց կներկայացնեն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պահանջելով իրենց ներդրած գումարների և կրած վնասների փոխհատուցում»,- նշել էր կինոռեժիսորը։

Պարոն Գալստյանը նշել էր նաև, որ «այս հացադուլը հանդիսանում է Հայաստանում մշակույթի ոլորտում տասնամյակներով կուտակված արատավոր երևույթները հրապարակայնացնելու և կինոյի կառավարման համակարգը բարեփոխելու համար անզիջում պայքարի առաջին փուլը»:

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս