«Իմ գլխավոր նպատակը՝ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ հսկվեն նոր տեխնոլոգիական սարքավորումներով». Վահագն Զարգարյան
Անցնող տարին հագեցած և հաջողակ էր ոչ միայն կայացած ՏՏ ընկերությունների և ստարտափների համար, այլև պատանիների, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը ՏՏ ոլորտում:
168.am-ի այսօրվա հերոս Վահագն Զարգարյանը սահմանամերձ Արծվաբերդից է: 16 տարեկանում նա արդեն ունի սեփական լաբորատորիան, մի շարք հաջողված նախագծեր և փորձառություն՝ հայաստանյան և միջազգային մրցույթներում:
«Ռոբոտաշինության մեջ խորանալու խթան հանդիսացավ «ԱրՄաթ» լաբորատորիան, որը բացվեց մեր գյուղում 3 տարի առաջ: Պարտաճանաչ հաճախում էի դասընթացներին և ընթացքում հասկացա, որ սա այն ոլորտն է, որտեղ ցանկանում էի խորանալ։ Սկսեցի հենց ամենապարզ ծրագրերից, հետո սկսեցի օգտագործել ծրագրավորվող սալիկներ, որոնցով կառավարում էի ռոբոտներ և ստեղծում ավտոմատացված համակարգեր: Գաղափարներն այնպիսին էին, որ հեշտացնում կամ ավտոմատացնում էին ինչ-որ աշխատանք»:
2017 թվականի փետրվարին Վահագնը մասնակցել է DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին: Իր ծրագրավորած «Physics Virtual Laboratory» ուսուցողական խաղը հանրապետությունում հաղթող է ճանաչվել՝ լավագույն վիրտուալ լաբորատորիա անվանակարգում։ Խաղն իր մեջ պարունակում է ֆիզիկայի փորձեր: Աշակերտները, օգտվելով դրանից, ավելի լավ են պատկերացնում փորձը և փորձի նպատակը։
2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Վահագնի գլխավորությամբ, «Արծիվներ» թիմը մասնակցել է 10-րդ ռոբոտների առաջնությանը և հանրապետությունում զբաղեցրել 1-ին տեղը։
2018 թվականը Վահագնի համար ևս հաջող է եղել: Մայիսին նա մասնակցել է DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին, և իր ծրագրավորած «Flying Device» ուսուցողական նախագիծը (անիմացիոն խաղ) հանրապետությունում հաղթող է ճանաչվել «Սարքերի ինտեգրում նշված ծրագրերին» անվանակարգում։ Այն հնարավորություն էր տալիս աշակերտներին նախագծել իրենց սեփական դրոները, և ծանոթանալ դրանց կառուցվածքին։
«2018 թվականի օգոստոսի 30-ին 4 մասնակիցներից կազմված թիմով մեկնեցինք Մեխիկո՝ մեր պատրաստած ռոբոտով, որպեսզի ներկայացնենք մեր երկիրը First Globall ռոբոտների միջազգային մրցմանը։ Մրցույթին մասնակցում էին թվով 168 երկրներ։ Մեր թիմը, անցնելով եզրափակիչ, զբաղեցրեց 16-րդ տեղը: Յուրաքանչյուր թիմում ներկայացված էր 3 երկիր, որտեղ մեր բախտը չբերեց, քանի որ վիճակահանությամբ ընկանք համեմատաբար թույլ թիմերի հետ, հակառակ դեպքում այլ կերպ կլիներ»:
Վահագնը արդեն Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի (ԻԿՄ) ուսանող է։
Նա աշխատում է ոչ թե մեկ կամ երկու ծրագրերի վրա, այլ արդեն ունի մի շարք ավտոմատացված սարքավորումներ:
«Պատրաստել եմ ավտոմատացված սարքավորումներ, հավաքել եմ 100W հզորությամբ արևային մարտկոց, պատրաստել եմ Smart դռան մոդել՝ տան անվտանգության համար, եռաչափ գրիչ, հավաքել իմ սեփական եռաչափ տպիչը: Սրանք ես ներկայացրել եմ DigiTec Expo 2017 ցուցահանդեսին, նաև այդ անվտանգության համակարգը կիրառել եմ իմ սենյակի դռան վրա։ Մասնակցել և ներկայացրել եմ իմ պատրաստած դրոները նաև DigiTec Expo 2018-ին:
Պատրաստել եմ նաև անօդաչու թռչող սարքերի մի քանի մոդելներ։ Նշեմ, որ տվյալ մոդելները փորձել եմ հենց մեր գյուղի տարածքում։ Տվյալ մոդելները ներկայացրել եմ ArmHiTec-2018 սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին»:
Վահագնն արդեն ունի իր սեփական լաբորատորիան, որը հենց ինքն է ստեղծել:
«Սեփական լաբորատորիան ստեղծվում էր հենց իմ աշխատանքի ընթացքում: Սկզբում սարքավորումների պակաս կար, բայց ընթացքում ձեռք բերեցի, հետո հավաքեցի իմ սեփական եռաչափ տպիչը և այլ սարքավորումներ»:
Այժմ Վահագնն աշխատում և վերապատրաստվում է անօդաչու թռչող սարքեր պատրաստող Դավիթ Գալոյանի մոտ։
«Իմ գլխավոր նպատակն է, որ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ հսկվեն նոր տեխնոլոգիական սարքավորումներով»,- նշում է Վահագնը:
Սիրարփի Աղաբաբյան