Աղքատությունը, ամանորյա ճոխությունն ու տոնածառը. Իսկ ո՞ւր է ընդդիմությունը
Ավարտին է մոտենում 2018 թվականը, և օրեր անց կամփոփենք տարին: Քաղաքական բարդ այս տարում, ցավոք, չունեցանք տնտեսական թռիչք, ինչպես խոստացվել էր հուլիս ամսին, և այս տարին ամփոփելու արդյունքում ցավով պետք է փաստենք, որ մարդկանց կյանքում որևէ բան դեպի լավը չի փոխվել:
Երբ ամսվա սկզբին հրապարակվեց նախորդ տարվա աղքատության ցուցանիշը, ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթած նորընտիր իշխանությունը հրապարակեց նախագիծ, որով խոստանում էր առաջիկա 5 տարում 10 տոկոսային կետով նվազեցնել աղքատությունը, և 5 տոկոսային կետով՝ գործազրկությունը: Այդ օրվանից անցել է մեկ ամիս, իսկ Փաշինյանի կառավարումից՝ ավելի քան կես տարի, սակայն միակ բանը, որ փոխվել է այդ ընթացքում՝ Հանրապետության հրապարակի տոնածառն է:
Այն վերջին օրերի ամենաքննարկված թեման է, ու նոր քաղաքապետի իրականացրած 2 գործողություններից վերջինը: Առաջինը, ինչպես հիշում եք, ապօրինի կառուցապատված շինությունը ցուցադրական քանդելն էր, որը, ինչպես երևաց հետագայում, ամենայն հավանականությամբ, մայրաքաղաքի միակ ապօրինի կառույցն էր, որովհետև դրանից հետո որևէ քայլ նշված ուղղությամբ չի եղել:
Բայց եթե առաջին գործողությունը, այն է՝ քանդելը, բավական հեշտ է ու էժան, ապա երկրորդը բոլորիս վրա շատ թանկ նստեց: Քաղաքապետը որոշեց, որ հանրային պահանջ կա, և առկա օրենսդրությունը շրջանցելով՝ մայրաքաղաքի բյուջեից 70 միլիոն դրամով գնեց տոնածառ, որը, ինչպես հետագայում պարզվեց, Մոսկվայից բերվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ինքնաթիռով, որով սովորաբար զենք-զինամթերք են բերում, և մի թռիչքն արժենում է մոտավորապես 10 մլն դրամ գումար:
Արդյունքում՝ ստացվում է, որ նոր քաղաքապետն առայժմ ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, էլ չենք խոսում հրապարակված 2019թ. բյուջեի նախագծի մասին, որում հսկայական չափերով ավելացել են քաղաքապետարանի վերնախավի գործուղումների ծախսերը:
Գալով բուն խնդրին՝ ևս մեկ անգամ փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գերխնդիրն աղքատության և գործազրկության դեմ պայքարն է. առնվազն այդպես էին հայտարարել: Ամանորյա շքեղ ծախսերով ու մայրաքաղաքի 2019 թվականի նման բյուջեով, հետաքրքիր է՝ ինչպես են պայքարելու աղքատության և գործազրկության դեմ։
Առավել անհասկանալին տոնածառի պարագայում, իհարկե, ընդդիմության լռությունն է, հատկապես, որ նորընտիր ԱԺ-ում և Երևանի ավագանու կազմում մեկի փոխարեն՝ 2 ընդդիմադիր քաղաքական ուժ կա: Այն դեպքում, երբ պետությունից 100 միլիոն դրամ գումար է գնացել մի շաբաթվա ձևական շքեղության համար։
Այս և քաղաքի բյուջեի հարցերը լրջորեն և մանրամասն քննարկելու փոխարեն՝ ԱԺ անցած երկու՝ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերով, քանի օր շարունակ «կլասիկի» ու «ոչ կլասիկի» (Գագիկ Ծառուկյան-Էդմոն Մարուքյան համակամարտությունը) հարցեր են քննարկում՝ միմյանց կոկորդ կրծելով ու Ֆեյսբուքում հայհոյախառն գրառումներով և ուղիղ եթերներով հոխորտալով։ Նախկին իշխանությունների նման որևէ դրսևորման դեպքում նույն Նիկոլ Փաշինյանն օր ու գիշեր թմբկահարում էր հարցը։
Փոխարենը՝ գրեթե քար լռություն է տիրում, չհաշված Երևանի ավագանիում «Լույս» դաշինքի մի քանի պատգամավորների հայտարարություններն ու գրառումները բյուջեի մասին։ 80 միլիոն (ներառյալ՝ տեղափոխման ծախսը) դրամանոց տոնածառն ընդամենը համերգի նախերգանքն է, գալա-համերգը դեռ հետո է լինելու, և 5 տարի շարունակ մենք վայելելու ենք այդ երաժշտությունը:
Իսկ փոքր համերգներն ու քեֆերն արդեն սկսվել են, որովհետև այս տարի կրկին գերատեսչությունները սկսել են նախորդ տարիների վերացած պրակտիկան, այն է՝ պետական բյուջեի հաշվին տոնական բանկետներ կազմակերպել: Ձևակերպելով որպես ներկայացուցչական ծախսեր՝ նախարարությունները կազմակերպում են իսկական նախարարական քեֆեր: Նման ընդդիմության պայմաններում, իհարկե, կանեն, այդ քեֆերին էլ ժողովրդի կենացը կխմեն, իրենց իշխանություն դարձրած 800.000 լոդրերին (ինչպես Փաշինյանն էր բնորոշել) էլ մեկ-մեկ կհիշեն ու կծիծաղեն, բայց դրա արդյունքում գործազրկության և աղքատության մակարդակը հաստատ չի նվազի:
Նոր իշխանությունը ճոխության համար միջոցներ չի խնայում, բայց այդ ճոխության մեջ մոռանում է մտածել քաղաքացիների մասին և շարունակում է նրանց կերակրել սին խոստումներով ու մանիպուլյացիաներով: Իհարկե, ամանորյա ճոխ տոնածառն ու միջոցառումները մի 2 շաբաթով կշեղեն ժողովրդի ուշադրությունը հոգսերից, բարեբախտաբար, եղանակն էլ դեռևս բարեհաճ է մեր նկատմամբ:
Բանկերի սև ցուցակներից դուրս եկած մարդիկ, խոստումներին հավատալով՝ վարկեր են վերցնում լավ Ամանոր կազմակերպելու համար: Բայց հաշված օրեր հետո կանցնեն տոները, կգա դաժան ձմեռը ու կոմունալ վճարները կատարելու, ամանորյա և այլ վարկերը մարելու ժամանակը. տնտեսական թռիչքի «մուրազը փորում մնացած» երկրի համար, հավատացեք, դա լավ վերջաբանի չի հանգեցնի:
Մաքսիմ Մուսինյան