Բաժիններ՝

«Առաջին հերթին պետք է հետազոտվեն աշխատանքային գործիքները, այնուհետև՝ մասնագետները». Թերապևտը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության վերաբերյալ

Դեկտեմբերի 20-ի կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ մատնահարդարները, դիմահարդարները, դաջվածք անողները պետք է անցնեն պարտադիր բուժզննում, քանի որ այդ պրոցեդուրաների մասով Հայաստանում կա հեպատիտ C-ի 3-4 տոկոս տարածվածություն։

168.am-ի հետ զրույցում թերապևտ-սրտաբան, թերապևտիկ ծառայության ղեկավար  Լամարա Մանուկյանն անդրադառնալով Արսեն Թորոսյանի հայտարարությանը՝ նշեց, որ այն թերի է, քանի որ բուժզննում պետք է անցնեն՝ ինչպես մատնահարդարները, դիմահարդարները և դաջվածք անողները, այնպես էլ պետք է հետազոտվեն նրանց աշխատանքային գործիքները։

«Առաջին հերթին՝ պետք է հետազոտվեն աշխատանքային գործիքները, ունեցել եմ շատ դեպքեր, երբ աղջիկը հարսանիքի օրը գնացել է մատնահարդարի մոտ ու վարակվել է հեպատիտ C-ով։ Կարծում եմ՝ բուժզննում պետք է անցնեն նաև հանրային սննդի վայրերում աշխատողները, ատամնաբույժները, քանի որ նրանք իրավունք չունեն  հեպատիտ C-ով կամ այլ վարակիչ հիվանդություններով աշխատել։ Աշխատանքային գործիքների հետազոտությունը պարտադիր է, բայց կարևոր է նաև այդ մասնագետների բուժզննումը, օրինակ, եթե մատնահարդարը վարակված է, և հանկարծ նրա մատը կտրվում է, ապա նա  կարող է իր այցելուին վարակել հեպատիտ C-ով՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով են մաքուր աշխատանքային գործիքները»,- նշեց Լամարա Մանուկյանը։

Նրա կարծիքով՝ մասնագետը պետք է վեց ամիսը մեկ անցնի բուժզննում, իսկ աշխատանքային գործիքները հետազոտի երեք ամիսը մեկ անգամ։

Կարդացեք նաև

Նա նաև տեղեկացրեց, որ մատնահարդարները, դիմահարդարները, դաջվածք անողները պետք է իրենց հաճախորդներին ցույց տան այն փաստաթուղթը, որը ստացել են բուժզննում անցնելուց հետո, որպեսզի այցելուները հանգիստ լինեն։

«Երբ մենք միս ենք գնում, խանութում փակցված է բժշկի թուղթը, որ տվյալ միսը ստուգված է, այնպես էլ, օրինակ՝ մատնահարդարի սենյակում պետք է լինի այդ թուղթը՝ առաջին հերթին՝ իր, և երկրորդը՝ աշխատանքային գործիքների հետազոտության վերաբերյալ»,- ասաց Լ. Մանուկյանը։

Անդրադառնալով այն անհատ մատնահարդարներին, դիմահարդարներին և դաջվածք անողներին, որոնք աշխատում են ոչ թե որևէ կենտրոնում, այլ տանը, հաճախ էլ գնում են այցելուի տուն, Լամարա Մանուկյանը նկատեց, որ սա խնդիր է, որը պետք է լուծվի, քանի որ, անկախ այն հանգամանքից, թե մարդը որտեղ է աշխատում, պետք  է ունենա բժշկական թուղթ։

Հարցին՝ վերջին երկու տարիների ընթացքում հեպատիտ C-ով վարակված այցելուների  թիվն ավելացե՞լ է, թե՞  նվազել, Լամարա Մանուկյանը պատասխանեց, որ միանշանակ չի կարող ասել վիճակագրության մասին տվյալները:

«Հայտնաբերելիությունն է մեծացել, այսինքն՝ եթե նախկինում չէինք հայտնաբերում հեպատիտ C-ն, քանի որ մարդիկ խուսափում էին անցնել հետազոտություն, ապա այսօր որոշակի կասկածներ ունենալու դեպքում պարտադիր դիմում են մեզ և անցնում հետազոտություն»,- ընդգծեց Լ. Մանուկյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս