
Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 27-ի նիստում նախատեսվում է քննարկել սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագների նվազման հարցը։
ՀԾԿՀ-ի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման գործընթացի շրջանակում իրականացված հաշվարկների արդյունքներով էլեկտրաէներգետիկական համակարգում բոլոր գործոնների ազդեցության հետևանքով ձևավորված լրացուցիչ գումարը կազմում է 1 մլրդ 586.5 մլն դրամ։
Ըստ ՀԾԿՀ կայքի՝ վերջնական սպառողների բոլոր խմբերի սակագների վերանայման պարագայում նշված գումարի ազդեցությունը կարող է հանգեցնել 0.37 դրամ/կՎտԺ-ով նվազման, իսկ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար այն կարող է հանգեցնել շուրջ 10 դրամ/կՎտԺ-ով նվազման։
«Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ էլեկտրական էներգիայի ծախս ունեցող 1 բնակիչ-բաժանորդի միջին ամսական ծախսը կազմում է շուրջ 190 կՎտԺ, իսկ սոցիալապես անապահով բաժանորդների մասով՝ շուրջ 160 կՎտԺ։ Ուստի բոլոր բաժանորդների համար սակագների 0.37 դրամ/կՎտԺ-ով նվազեցումը կհանգեցնի յուրաքանչյուր բնակիչ-բաժանորդի հաշվով միջինը ամսական շուրջ 70 դրամ խնայողության, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագների շուրջ 10 դրամ/կՎտԺ-ով նվազեցումը՝ ամսական շուրջ 1600 դրամ խնայողության։
Հաշվի առնելով նշվածը՝ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել համակարգում ձևավորված այս լրացուցիչ գումարն ուղղել միայն սոցիալապես անապահով ընտանիքների սակագների նվազմանը։
Այսինքն՝ ներկայումս սոցիալապես անապահով ընտանիքների համար գործող ցերեկային 40 դրամ սակագինը կնվազի 25%-ով և կդառնա 29.99 դրամ/կՎտԺ, իսկ գիշերային սակագինը կնվազի 33.4%-ով և կդառնա 19.99 դրամ/կՎտԺ։
Նշենք, որ այս լրացուցիչ գումարն առաջացել է հիմնականում համակարգի ընկերություններում աշխատավարձերի գծով ծախսերի կրճատումների, ՀԷՑ-ի շահույթի նորմայի 2%-ով նվազեցման արդյունքում։