Մշակույթը մեր երկրի, ժողովրդի աղն ու հացն է, բանակից հետո երկրորդ ստրատեգիական նշանակությունն ունեցող ոլորտը
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և Գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն Կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ՝ շարունակելու են գործել Ֆինանսների, Արդարադատության, Առողջապահության ու Բնապահպանության նախարարությունները։
Այս որոշմանը դեմ են Մշակույթի նախարարության աշխատակիցները:
«Մասնագիտական, հանրային որևէ քննարկում չի եղել: Չգիտեմ, թե ովքե՞ր և ո՞նց են որոշել նման բան»,- նշեց Մշակույթի նախարարության աշխատակիցներից Լուսինե Իգիթյանը:
«Ճիշտ որոշում է օպտիմալացումը, բայց սխալ է այս ձևը: Սուրճ խմողներից ազատվելու այլ ձև կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտաշխատող Խորեն Գրիգորյանը:
Գործերի կառավարման վարչության պետ Աշոտ Կյուրեղյանն էլ նշեց, որ հապճեպ ու առանց քննարկման որոշման նախագիծ են ներկայացրել, որի հետ իրենք համամիտ չեն:
«Մշակույթը մեր երկրի, ժողովրդի աղն ու հացն է, բանակից հետո երկրորդ ստրատեգիական նշանակությունն ունեցող ոլորտը: Այս որոշմամբ ոնց որ մշակույթը երկրորդ պլան անցնի: Կարծում եմ՝ մշակույթի նկատմամբ նման մոտեցումը մեր թշնամուն նոր զենք կտա»,- նկատեց Աշոտ Կյուրեղյանը:
Մշակութային ժառանգության վարչության գրական ծրագրերի համակարգող Տաթևիկ Սուքիասյանն էլ հայտնեց, որ նամակ են փոխանցել վարչապետի պաշտոնակատարին՝ խնդրելով վերանայել որոշման նախագիծը:
«Կարծում ենք, որ սա շտապողականության արդյունք է: Խնդրելու ենք, որ հանրային ու մասնագիտական քննարկումների արդյունքում նախագիծ ձևավորվի: Պահանջում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպի մեզ: Մշակույթի նախարարությունը պետք է մնա՝ առանց այլ գերատեսչության ածանցման:
Եթե որոշակի հարցերի վերանայման խնդիր կա՝ առաջարկում ենք, որ փորձագիտական խումբ ստեղծվի ու փաստերի վրա հիմնվելով՝ տեսակետ հայտնեն: Բյուջեում մի փոքր գումար ավելացնելու համար գնալ մասսայական կրճատումների՝ դա հանցագործություն է»,- եզրափակեց Տաթևիկ Սուքիասյանը:
Անի Կարապետյան