«Ես գնամ այլ պետությունում գումար վաստակեմ ու բերեմ այստեղ հարկ վճարե՞մ». Շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ ՊԵԿ-ի որոշման մասին
Դեռևս ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Հայաստանում կարծես թե ձևավորվում է հարկ չվճարելու մշակույթ, և նման ոլորտներից մեկը մշակույթի ոլորտն է։
ՊԵԿ նախագահը վկայակոչել էր շոու-բիզնեսի ներկայացուցիչների օրինակը՝ նշելով, որ կան սիրված երգիչ և երգչուհիներ, որոնք գրում և կատարում են հայրենասիրական երգեր, բայց որևէ մեկը տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում։ Ըստ նրա՝ համապատասխան հայտարարագիր է ներկայացրել միայն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
ՊԵԿ նախագահի այս հայտարարությունը տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց: Երգիչ-երգչուհիներից շատերը հույս հայտնեցին, որ այս նախագիծը չի կարող կյանքի կոչվել, քանի որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք համերգներ են կազմակերպում Հայաստանում՝ պետությանը հարկ են վճարում, և կարիք չի լինի եկամուտները հայտարարագրելու։
Սակայն նրանց հույսերը չարդարացան, դեկտեմբերի 18-ին ՊԵԿ-ը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ ևս մեկ անգամ հորդորելով ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: «Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:
Հիշեցնում ենք, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն՝ դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց»,- նշված էր ՊԵԿ հայտարարության մեջ:
168.am-ի հետ զրույցում երգչուհի Անչոկն անդրադառնալով ՊԵԿ-ի այս որոշմանը՝ նախ նկատեց, որ հայաստանյան երգիչ-երգչուհիներից որևէ մեկը պետական գրանցում չունի: «Օդում ենք և վաղը-մյուս օրը թոշակ էլ չենք կարողանա ստանալ»,- ասաց երգչուհին։
Նրա խոսքով՝ անհայտ է, թե ՊԵԿ-ն ինչպես է իրականացնելու իր որոշումը, քանի որ երգիչ-երգչուհիներից շատերը չգիտեն՝ այսօր կամ վաղը որքան գումար են աշխատելու: «Ինքս չգիտեմ, թե այս ամսում ինչքան գումար եմ վաստակելու։
Ինչ վերաբերում է արտերկրի համերգներին, ապա դրսում հարկերը վճարում ենք, այսինքն՝ ստացվում է, որ ես գնամ այլ պետությունում գումար վաստակեմ ու բերեմ այստեղ հարկ վճարե՞մ։ Արտերկրում համերգներից հարկեր գանձվում են, իսկ եթե գնում, հարսանիքներին են երգում, ապա հարկ չեն վճարում։ Հայաստանում նույնպես յուրաքանչյուր համերգից հարկ է գանձվում։
Եթե այս որոշումն ուժի մեջ մտնի, չեմ պատկերացնում մեր հետագա գործունեությունը, բողոքի ալիք կբարձրանա, ինչը նորմալ է։ Եթե չեմ աշխատում և պետությունից աշխատավարձ չեմ ստանում, ի՞նչն են հարկելու։ Եթե պետությունը չի հոգալու, թե այս ամիս ինչքա՞ն գումար պետք է վաստակեմ, ինչպե՞ս եմ ապրելու, ի՞նչն է հարկելու»,- շեշտեց Անչոկը։
Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՊԵԿ-ի հայտարարությանը ծանոթացել է միայն ֆեյսբուքյան տիրույթից, ուստի համարում է, որ այս ամենը զուտ խոսակցություններ են:
«Այս ամենի հետ կապված, երբ լինի ինչ-որ լուրջ օրենք, այն ժամանակ կմտածենք և քայլեր կձեռնարկենք օրենքը չշրջանցելու համար։ Եթե լինի օրենք, ապա, ինչպես բոլորը, այնպես էլ՝ ես. Բնականաբար, պետք է ենթարկվենք բոլոր օրենքներին։ Այդուհանդերձ այստեղ շատ հարցեր կան, որոնք մեզ համար դեռևս պարզաբանված չեն, սկզբունքը դեռ չենք հասկանում»,- ընդգծեց Սամվել Գրիգորյանը։
Հանդիսավար Երվանդ Մարեյանը նշեց, որ երգիչների, հանդիսավարների աշխատանքը կանոնակարգված չէ, այսինքն՝ նրանք կարող են ամիսը մի քանի անգամ ելույթ ունենալ կամ ընդհանրապես ամիսն անցկացնել առանց աշխատանքի։
«Սա չկանոնակարգված ռազմավարություն է, բյուջեն լցնելու միջոց, ինչը սխալ է։ Ենթադրենք, ես այս ամիս մեկ անգամ գնացի իմ ընկերոջ միջոցառումը վարելու, բնականաբար, առանց գումարի, այս դեպքում որքանո՞վ է նորմալ, որ ես հարկ վճարեմ, երկամուտներս հայտարարագրեմ։ Եթե տարեկան լինի ինչ-որ ֆիքսված գումար, խնդիր չկա՝ կվճարեմ, բայց ամեն ամիս հարկ վճարե՞լ, սա սխալ է։ Մեր պետությունում շատ խնդիրներ կան, իմ կարծիքով՝ այդ ամենը թողնել և անդրադառնալ շոու-բիզնեսին՝ ճիշտ չէ»,- ասաց Ե. Մարեյանը։
Ըստ նրա՝ եթե ՊԵԿ-ն ուզում է հարկեր գանձել, ապա պետք է անդրադառնա միայն այն երգիչ-երգչուհիներին, որոնք 20 րոպեում աշխատում են 30 հազար դոլար, իսկ ռեստորանային և փաբային երգիչներից, որոնք ստանում են ընդամենը «աղքատավարձ», չեն կարող գումար գանձել։
«Եթե ես ամսվա ընթացքում ստանում եմ 60 հազար դրամ, դրա կեսը տամ ՊԵԿ-ին, իմ ընտանիքն ինչպե՞ս եմ պահելու»,- եզրափակեց հանդիսավարը։
Երգիչ Էրիկը նշեց, որ ՊԵԿ-ի հայտարարության հետ կապված որևէ մեկնաբանություն չունի. «Մասնագետները թող մեկնաբանեն այդ ամենը, սա ինձ հետ առնչություն չունի»։
Զվարթ Խաչատրյան