ՀՀ-ում ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության վերաբերյալ ռուս-հայկական պայմանագրի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են․ փորձագետ
«Եթե հայկական կողմը սրան դեմ լիներ, սրանում ինքնիշխանության նսեմացում դիտարկեր, վստահաբար չէր համաձայնի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկությանն այն մասին, թե Հայաստանն ու Ռուսաստանը Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության թափանցիկությունն ապահովող, այդ թվում՝ այդ լաբորատորիաների տարածքում արտասահմանյան զինվորականների ներկայությունը բացառող պայմանագիր են մշակում։
Նշենք, որ տեղեկությունը բավականին բացասական է ընդունվել հայաստանյան հասարակության որոշ շրջանակների, փորձագիտական հանրության կողմից՝ դիտարկվելով՝ որպես հարված Հայաստանի ինքնիշխանությանը։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է նաև այս թեմային՝ չթաքցնելով, որ այդ հարցն անհանգստացնում է ռուսական կողմին։
«Իմ տպավորությամբ, իմ ունեցած տեղեկությամբ, հայկական կողմի հետ երկխոսությունն ընթանում է բավականին կառուցողական։ Այսինքն, կա փոխըմբռում այդ հարցերում, և ես չեմ բացառում, որ որևէ փուլում մենք կհասնենք ընդհանուր փոխըմբռնման ու պայմանավորվածության: Թե ինչ տեսքով այդ պայմանավորվածությունը կամրագրվի, ես այս պահին չեմ կարող ասել, բայց որևէ արգելքի կամ թելադրանքի մասին անգամ խոսք լինել չի կարող»,- ասել է նա։
Ինչ վերաբերել է ռուսական կողմի արգելքներին, ապա դեսպանն արձագանքել է. «Ես կցանկանայի մի փոքր փոխել տոնայնությունը, Դուք ասում եք՝ «պայմանագիր», «համաձայնագիր», «արգելող»… ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել։ Խոսքը գնում է երկու սուվերեն, հավասար իրավունքներ ունեցող պետությունների համագործակցության մասին։ Հավատացեք ինձ, հարաբերությունները հենց այս հենքի վրա էլ կառուցվում են։ Կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցի շուրջ»:
Ի պատասխան դեսպանի՝ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է․ «Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը գնում է Հայաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա»:
Խոսելով հայաստանյան մտահոգություններից՝ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ նախ, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, ըստ էության, ՀԱՊԿ-ն է կարգավորում անդամ երկրների տարածքում երրորդ կողմերի ռազմական ներկայությունը, այսինքն՝ ՀԱՊԿ որևէ անդամ երկրի տարածքում արտասահմանյան զինվորական ներկայության անհրաժեշտության դեպքում պետք է քննարկումներ ծավալվեն ՀԱՊԿ-ում, և լինի կոնսենսուս։ Մյուս կարևոր հանգամանքը, նրա խոսքով, այն է, որ նախարարի խոսքը ճիշտ չի ընկալվել, և խոսքը Հայաստանում, Ղազախստանում ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեությանն ու տարածքին է վերաբերում, որի վերաբերյալ Ռուսաստանը մշտապես ունեցել է մտահոգություններ և դրա մասին բարձրաձայնել է։
«Եթե չեմ սխալվում, նոր իշխանությունների օրոք ռուսական կողմը ստացավ համաձայնություն Հայաստանի իշխանություններից՝ ուսումնասիրել այդ օբյեկտների գործունեությունը, համոզվելու համար՝ կա՞ն վտանգներ Ռուսաստանի համար, թե՞ ոչ։ Այսինքն՝ հայկական կողմը բաց է այս հարցում, և, ամենայն հավանականությամբ, նման պայմանագրի հիմքերը դրվել են ոչ շատ վաղ ժամանակաշրջանում։ Սրանում չկան այդ լաբորատորիաների գործունեությունը սահմանափակող դրույթներ, խոսքը ռազմական ներկայության և թափանցիկության մասին է, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ կլինի հասանելիություն։ Եթե հայկական կողմը սրան դեմ լիներ, սրանում ինքնիշխանության նսեմացում դիտարկեր, վստահաբար չէր համաձայնի, քանի որ ՀՀ ներկայիս իշխանությունները հաճախ են խոսում ինքնիշխանության կարևորությունից։
Բայց իմ տպավորությամբ, այս պայմանագրով պետք է ամրապնդվի դրանց ներկայիս կարգավիճակը, որ փոփոխություններ չեն լինելու՝ ռազմական ներկայության և այլ վտանգների տեսքով։ Սակայն դրանք հնարավոր են՝ հաշվի առնելով ՌԴ-Արևմուտք հակամարտությունը։ Այսինքն՝ ռուսական կողմի մոտիվացիան իրեն երաշխավորելն է հնարավոր խնդիրներից և մտահոգություններից։ Պայմանագրի բովանդակությանը մենք ծանոթ չենք, բայց հայտարարություններից կարող են ենթադրել հնարավոր բովանդակությունը, որը որևէ վտանգ չի պարունակում»,- ասաց Ֆելգենգաուերը։
Դիտարկմանը, որ, եթե կա դրանց հասանելիություն ռուսական կողմի համար, ինչո՞ւ ամրագրել այն պայմանագրով, Ֆելգենգաուերն ասաց, որ երևի թե կա մտայնություն, որ այսօր կա հասանելիություն, իսկ վաղը չի կարող լինել։
«Հայկական կողմն էլ, ելնելով դաշնակցային համերաշխությունից, փորձում է նման պայմանագրով վերջնականապես վերացնել այս մտահոգությունները։ Այնուամենայնիվ այստեղ ինքնիշխանության կորուստ կամ նսեմացում չի դիտարկվում, այս պայմանագիրը կազմվում է համատեղ համաձայնությամբ։ Դատելով ՀՀ կառավարության վերջին ամիսների դիրքորոշումից այս հարցում, կողմերի մոտեցումները համահունչ են, չկա որևէ խնդիր։ Այսինքն՝ հայաստանյան մտահոգություններն անհիմն են»,- ասաց Ֆելգենգաուերը։