Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի հետախուզական նավը մտել է Սև ծով
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Էկո» (HMS Echo) հետախուզական նավը մտել է Սեւ ծովի ջրատարածք: Այդ մասին հայտնել են Ստամբուլի լրատվական պորտալները, որոնք հրապարակել են Բոսֆորի նեղուցով նավի անցնելու լուսանկարները: Ներկայում բրիտանական հետախույզ-նավը Սեւ ծովով ընթանում է հյուսիսային ուղղությամբ:
Նոյեմբերի վերջին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը հայտարարել էր, որ Սեւ ծով կուղարկվի Թագավորական ռազմածովային նավատորմի «Էկո» հիդրոգրաֆիական հետախուզական նավը «տարածաշրջանում ծովագնացության ազատությունն ապահովելու համար»:
Նա նաեւ հաստատել էր, որ հաջորդ տարվա հունվարին եւ փետրվարին Ուկրաինայի զինված ուժերի ուսուցման գործմոս օգնություն ցուցաբերելու ծրագրի երկարացման շրջանակներում այնտեղ բրիտանացի զինծառայողների ջոկատ կուղարկվի ռազմածովային նավատորմի, ծովային հետեւակի եւ բանակի կազմից: Ուկրաինայի արեւելքում ճգնաժամի սկսվելուց հետո կանոնավոր կերպով Սեւ ծով են մտնում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրների ռազմածովային ուժերի նավերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: