«Ի՞նչ կարող ենք անել՝ Ստանիսլավ Զասին մի տեղ բռնենք, ծեծե՞նք». Թևան Պողոսյան
«Մենք ավելին ի՞նչ կարող ենք անել՝ Ստանիսլավ Զասին մի տեղ բռնենք ծեծե՞նք։ Բոլոր հարցերը լուծվում են բանակցություններով, պետք է այնքան բանակցել, մինչև տվյալ անձին փոխեն, կամ աշխատեն այնպիսի մեխանիզմներ, որ անձի նշանակումից ոչինչ կախված չլինի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանն ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը։
Նրա դիտարկմամբ՝ միջազգային հարաբերություններում գաղափարները շահեր են, գործիքը՝ բանակցել, իսկ վերջին գործիքը պատերազմն է։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը և այն խոսակցություններին, որ այդ ամենը տեղի է ունենում ներկայիս իշխանությունների անձնական վրեժխնդրության հողի վրա, Թևան Պողոսյանն ընդգծեց, որ գործն իրավական տիրույթում է։
«Մեկ բան եմ մաղթում, որ մեր դատական գործընթացներն այնպիսին լինեն, որ Հայաստանում կայացրած որևէ դատական վճիռ այլևս հանրության մոտ կասկածներ չառաջացնի։ Եթե մենք չձևավորենք անկախ դատական համակարգ, մշտապես ունենալու ենք այս խոսակցությունները։ Այստեղ ամբողջ պատասխանատվությունը դատական իշխանությունների վրա է, քանի որ ամեն ինչ այնքան թափանցիկ պետք է անեն, որ որևէ վճիռ կասկած չառաջացնի։ Հայտարարվում է, որ այսօր դատական համակարգն ազատ է»,- նշեց Թևան Պողոսյանը։
Զվարթ Խաչատրյան