
Թրամփը չի մեկնի Բոլսոնարուի պաշտոնակալման արարողությանը. CBS

Դոնալդ Թրամփը որոշել է չմասնակցել Բրազիլիայի նախագահ ընտրված Ժայիր Բոլսոնարուի պաշտոնակալման արարողությանը, որը կայանալու է 2019 թվականի հունվարի 1-ին: Այդ մասին հայտնել է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչներին:
Նրանց խոսքով՝ «Թրամփն արարողությանը մեկնող նախագահական պատվիրակության ղեկավար է նշանակել պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին»: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Մաուրիսիո Կլավեր-Կարոնեն, որը Լատինական Ամերիկայի հետ հարաբերություններն է ղեկավարում Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, եւ Զարգացման միջազգային գործակալության տնօրեն Մարկ Գրինը:
Բոլսոնարուն, որը ներկայացնում է պահպանողական Սոցիալ-լիբերալ կուսակցությունը, հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին: Նա հրապարակավ հույս է հայտնել, որ Թրամփը կժամանի Բրազիլիայի մայրաքաղաք՝ ներկա լինելու իր պաշտոնակալման արարողությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: