«Լուկաշենկոն ու Նազարբաևը նախանձում են Փաշինյանին». Արման Նավասարդյան
«ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ ձևով հետ կանչելը դիվանագիտական վրիպում էր: Ուստի, եղավ այն, ինչ եղավ: Սա, փաստորեն, առիթ հանդիսացավ, որպեսզի անեն այն, ինչ ուզում են Լուկաշենկոն ու Նազարբաևը, իսկ նրանք ուզում են կոտրել Հայաստանին ու նոր ղեկավարին: Այստեղ կա նաև նախանձի ֆակտորը:
Օրինակ, Ղազախստանում ժողովուրդը նախանձում է՝ տեսնելով, թե ի՞նչ կատարվեց Հայաստանում, նույնը՝ նաև իրենց ղեկավարությունը: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նույնպես. նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջարկել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը, ով երկար տարիներ է՝ ջերմ հարաբերություններ ու կապեր ունի ադրբեջանական զինվորականության հետ ու կրթությունն այնտեղ է ստացել:
Նրա թեկնածությունը Ռուսաստանի համար ձեռնտու չէ, Հայաստանի համար՝ ևս: Այս ամենն անձնավորված ու ուղղված է Փաշինյանի դեմ, որպեսզի խաղից հանեն ու ենթարկեն այն կանոններին, որով ՀԱՊԿ-ը շարժվել է տարիներ շարունակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
168.am-ի հարցին՝ այսինքն, հնարավոր է, որ Բելառուսի թեկնածուն էլ չդառնա ՀԱՊԿ գլխավոր թեկնածուն, քանի որ դա ձեռնտու չէ նաև Ռուսաստանին, այդ դեպքում ի՞նչ է լինելու, հարցը ձգձգվելու է, մինչև որ մեկ տարին լրանա, Արման Նավասարդյանը պատասխանեց.
«Համոզված եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կոնսենսուսով է լուծվելու, չնայած հավանական է, որ հենց մեկ տարի էլ ձգձգվի, քանի որ լավագույն տարբերակը դա է, ու Ռուսաստանը հենց դա է ուզում: Ի հեճուկս Լուկաշենկոյի, կարծում եմ, այդ կազմակերպությունը կվերականգնի առաջվա ստատուս-քվոն, բայց անպայման պետք է լինի նոր մոդել՝ գոնե Հայաստանի համար:
Մեր երկիրն այլևս այդ կազմակերպությունում չի կարող աշխատել այնպես, ինչպես եղել է նախկին իշխանությունների ժամանակ: Մենք տարիներ շարունակ ՀԱՊԿ-ի տված դառը հաբերը կուլ ենք տվել. հիշե՛ք Տավուշի դեպքերը, որ մատը մատին չտվեցին: Ի՞նչ է, Նազարբաևն ու Լուկաշենկոն զորքե՚՞ր են մտցնելու Հայաստան, բոլորովին: Լուկաշենկոյի ամբողջ հայտարարություններն ուղղված են ՀՀ-ի ներսում պայթյուն առաջացնելուն: Նա չի կարողանում հանդուրժել ՀՀ ղեկավարության որդեգրած քաղաքական գիծը, ուզում է ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև սեպ խրել, ներքին խժդժություններ առաջացնել»:
Անի Կարապետյան