Բաժիններ՝

«Գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողը պետք է ձերբակալվի ՀՀ օրենսդրության համաձայն». Թևան Պողոսյան

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի զինծառայողը ծեծելով սպանել էր գյումրեցի 57-ամյա կնոջը: Ռուս զինվորին առաջադրվել է մեղադրանք, նա կալանավորվել է և այս պահին գտնվում է ռուսական ռազմաբազայում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նկատեց՝ այլ երկրի ռազմաբազա ունեցող երկրներում նմանատիպ դեպքեր լինում են: Գլխավոր խնդիրը, ըստ նրա՝ այն է, որ դրանից պետք է դասեր քաղեն և հասկանան, թե ինչ պետք է անեն, որպեսզի նմանատիպ դեպքերից խուսափեն:

«Մեզ մոտ կա մի իրավիճակ, երբ ռուսական ռազմաբազայի սպաներն ապրում են քաղաքի տարբեր հատվածներում: Շատ ժամանակ գուցե սոցիալական իրավիճակից ելնելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ չունեն կենտրոնացված մանկապարտեզ, կանայք չեն աշխատում, և իրենք էլ, սովորության համաձայն, լինելով տարբեր տեղերում, գուցե հավաքվում են, օգտագործում են ալկոհոլ և լինում տարբեր տեղերում: Երևի այնտեղի իրավապահ մարմինների համար դժվար է կենտրոնացված կերպով վերահսկողություն իրականացնել»,- ասաց Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ գյումրեցի կնոջը սպանած ռուս զինծառայողը պետք է ձերբակալվի ՀՀ օրենսդրության համաձայն, քանի որ Հայաստանի տարածքում է տեղի ունեցել դեպքը:

Այդ ամենից զատ, Թևան Պողոսյանն առաջարկում է, որպեսզի ՀՀ և ՌԴ իշխանությունները փորձեն ընդհանուր հայտարարի գալ այս հարցի շուրջ, թե ինչ պետք է անեն, առաջին հերթին, որ ռուսական ռազմաբազայում վերահսկողությունն ավելի մեծ լինի:

«Պետք է փորձեն կենտրոնացված շենքեր կառուցել՝ հայտնի «գարադոկների» նմանությամբ, որոնք նախկինում եղել են, որտեղ ավելի հեշտ կլինի վերահսկողությունը: Այդ տեղերում Ռուսաստանը կարող է իր քաղաքացիների համար զբաղմունքի ինչ-որ վայր ձևավորել, որտեղ սպաների կանայք գումար կվաստակեն և կունենան զբաղմունք, նրանց երեխաները կայցելեն մանկապարտեզներ, դպրոցներ, որից հետո չի լինի այն, որ ամբողջ քաղաքով մեկ նրանք կտարածվեն, և վերահսկելը դժվար կլինի»,- շեշտեց Թևան Պողոսյանը:
Այդուհանդերձ, Թևան Պողոսյանն ընդգծեց, որ դեպքի ամբողջ մանրամասները  չգիտի, դրանք պարզելու համար ընթանում է դատաքննություն:

Տեսանյութը՝ շուտով

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս