
Մեղադրանք է առաջադրվել Ստրասբուրգի հրաձգության առնչությամբ ձերբակալվածներից մեկին. BFM

Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել այն ձերբակալվածներից մեկին, որոնք կապված են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում հրաձգություն սարքած Շերիֆ Շեքաթի հետ: Դեկտեմբերի 17-ին այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածին մեղադրում են, մասնավորապես, ահաբեկչական հանցավոր խմբավորումների հետ կապերի, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ այլ անձի հանձնելու մեջ:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շեքաթը հրաձգություն է սկսել Ստրասբուրգի փողոցներում՝ Սուրբծննդյան տոնավաճառի մոտ: Դրա հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ 11 մարդ: Շեքաթը ոչնչացվել է դեկտեմբերի 13-ին ոստիկանության հատուկ գործողության ընթացքում:
Ստրասբուրգի քաղաքագլուխը հարձակումը որակել Է ահաբեկչական գործողություն: Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ շաբաթ Ստրասբուրգում ձերբակալել է յոթ մարդու՝ հարձակվողի հորը եւ մորը, նրա երկու եղբայրներին եւ երեք ընկերներին: Հետագայում չորս հոգի ազատ է արձակվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: