«Նոյեմբերյանի հատվածում Ադրբեջանն իրականացնում է ինժեներական հսկայական աշխատանքներ». Գևորգ Մելքոնյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով  հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աստաֆայի հատվածի պահպանությունն այսուհետև իրականացնելու է պետական սահմանապահ ծառայությունը. այս մասին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Ղուլիևը։ Նշենք, որ այդ հատվածը սահմանակից է Տավուշի մարզին։

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան Գևորգ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե այս ամենի հետևանքով ի՞նչ վտանգ կարող է սպառնալ հայ-ադրբեջանական սահմանին, և արդյո՞ք սա չի նշանակում, որ ադրբեջանական զինված ուժերն ավելի շատ կկենտրոնացվեն արցախաադրբեջանական սահմանին, ասաց՝ այդ ամենը դեռ հայտարարության մակարդակի է, ինչը մի քանի ամսում չի կարող կարգավորվել.

«Եթե Ղազախի և Աստաֆայի հատվածի պահպանությունը հանձնում են սահմանապահ ծառայության պահպանությանը, ապա այստեղ երկու խնդիր կա, առաջինը՝ սա ոչ թե հայ-ադրբեջանական սահմանի ուժեղացում է, այլ թուլացում։ Սակայն, որքանով ինձ հայտնի է, այս պահին և նախորդ մեկ ամսվա դրությամբ ամբողջ Նոյեմբերյանի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացվում են մեծ ինժեներական աշխատանքներ։ Կարծում եմ՝ սահմանապահների տեղակայումն այդ սահմանին՝ հայտարարության մակարդակում է, և ադրբեջանական կողմը ձգտում է ցույց տալ, թե ցանկանում են գնալ խաղաղության։ Բայց իրականում այնտեղից  ռազմական զորակազմը դուրս չի գալիս, հակառակ դեպքում ինժեներական հսկայական աշխատանքներ չէին կատարի»։

Ինչ վերաբերում է այդ համատեքստում արցախաադրբեջանական սահմանին մեծ զորքի տեղակայմանը, մեր զրուցակիցը նկատեց, որ Ադրբեջանն այսօր ունի մարդկային ռեսուրսի այնպիսի հնարավորություններ, որ «չունի նման խնդիր՝ հայ-ադրբեջանական սահմանից զորքը հանի և տեղակայի արցախաադրբեջանական սահմանին»։

«Կարծում եմ՝ սա ավելի շատ ցուցադրական մակարդակի գործ է, որով ուզում են ցույց տալ, թե Նոյեմբերյանի հատվածում չեն ցանկանում որևէ գործողություն իրականացնել: Այդ հայտարարությունը պայմանավորված է նաև ՀԱՊԿ-ի հետ, ուզում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը չի սպառնում Հայաստանին, ուստի հայ-ադրբեջանական սահմանից հանում է բանակային ստորաբաժանումները և բերում սահմանապահներ։ Սա ՀԱՊԿ-ում Ադրբեջանի համար նպաստավոր դիրք է ստեղծում»,- շեշտեց Գևորգ Մելքոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի այս հայտարարությունը չի կարող վստահություն ներշնչել, քանի որ, եթե այդպես լիներ, ինչո՞ւ են Նոյեմբերյանի սահմանում հենց այս պահին իրականացնում ինժեներական աշխատանքներ։

Ըստ նրա, եթե այդպես է, ուրեմն Ադրբեջանը կարող է Նախիջևանի հատվածից ևս հանել իր բանակը և այնտեղ բերել սահմանապահ զորքերի։

«Մեր ժողովրդի ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ միշտ և բոլորից զգուշանալ է պետք»,- եզրափակեց Գևորգ Մելքոնյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս