Մե խինդ, մե ուրախութուն
Տնտեսական շաբաթն ահագին ուրախ անցավ: Խոսքն ամենևին էլ նախատոնական տրամադրությունների մասին չէ: Նախ` բոլորիս ուրախացրեց հարազատ ու ազգային Վիճվարչությունը:
Գնաճի մասին տարեկան նախավերջին պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ գնաճ կոչվածը կմնա «Բյուջեի մասին ՀՀ օրենքի» սահմանած չափաբաժնում: Նախորդ տարիների գեղեցիկ ավանդույթի համաձայն: Ո՞վ կասկածեր: Նախորդ հրապարակումներում միայն միս-մսամթերքների գներն էին անհանգստացնում 20 տոկոսը գերազանցող գնաճով: Նոյեմբերին ոչ այն է՝ թշնամի, ոչ այն է՝ բարեկամ Բելառուսից էժան (եկեք որակի հարցը շրջանցենք) ներկրված միս-մսամթերքը հնարավորություն տվեց այս ոլորտում գնաճը նվազեցնել (եթե չեմ սխալվում՝ իջեցվել է 8-9 տոկոսի ցուցանիշ): Օպերատիվ էր: Ու արդյունավետ:
Տնտեսական մյուս լուրերն ինչ-որ իմաստով կարելի է համարել հանրային ընդգծված սպասումների արդյունք: Հետևաբար՝ պետք է համարել, որ դրանք էլ խինդ-ուրախության աղբյուր են: Ամենաշատ հանդիպողը, իհարկե, «Լարսը փակ է» կամ «Լարսը բաց է» լուրերի հերթափոխն էր: Կարդում ու չէիր հասցնում տխրել, միանգամից հաջորդում էր բացվելու մասին լուրը: Ուրախանալ էլ չէիր հասցնում: Ու այդպես շարունակ:
Իսկ մնացած տնտեսական լուրերը քրեական լրատվաշաղախից անջատելն անհնար էր: Օրինակ, հրապարակվեց, որ ԱԱԾ նախկին բարձաստիճան պաշտոնյա Վաչագան Ղազարյանը պատրաստ է իր ձերբակալության ժամանակ առգրավված մոտ 6 մլն դոլարը նվիրել պետությանը: Եթե, իհարկե, մեղադրող մարմինները համաձայնեն: Ասեք, որ ուրախ լուր է այն մարդկանց համար, ովքեր օր ու գիշեր մտածում են պետբյուջեի մուտքերի մասին: Մոռանանք բյուջեի ելքերի հատվածում սեփական ու պուճուր, բայց` անձնական մասնաբաժնի մասին երազողներին: Հատկապես, որ նրանց քանակը կոռուպցիայի դեն պայքարի շրջանակներում խիստ նվազել է: Նվազելը նվազել է, բայց դուրս չի մնացել իրավապահ մարմինների ուշադրությունից:
Նախ՝ Քննչական կոմիտեն լուր տարածեց, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության երկու (ներկա և նախկին) աշխատակիցներ առանձնապես խոշոր չափի յուրացումներ են արել: Մանրամասն ու թվերով նշված էր 2013 թվականից ցայսօր մաս-մաս յուրացված 14 մլն 376 հազար դրամի մասին: Հետո նույնքան մանրամասն ու նույնքան մանրակրկիտ նույն յուրացման մասին հաղորդագրություն տարածեց ՀՀ դատախազությունը: Կարճ ասած՝ իրավապահները ոչ միայն արդյունավետ աշխատում են, այլև նույնքան արդյունավետ լուսաբանում իրենց արածը: Հատիկ-հատիկ նշելով, թե տվյալ դեպքում որ հոդվածի որ մասով են քրեական գործ հարուցել:
Այնպես որ՝ շուտով բոլոր ուշադիր ու ուշիմ ընթերցողները յուրացումների, հափշտակությունների ու կաշառքի մասին Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներն անգիր կիմանան: Այս գործում իրավապահների կողքին իր արժանի տեղն ունի նաև մամուլը:
Այն, որ ԱԺ պատգամավոր ու նախկին նախարար Արամ Հարությունյանի հանդեպ քրեական գործ է հարուցված 14 մլն դոլար կաշառք ստանալու մեղադրանքով, գիտեինք մոտ տասը օր առաջ: Բայց մամուլը չի թողնում այս մասին մոռանալ՝ պարբերաբար փորձելով պարզել՝ մեղադրվողը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ: Այս շաբաթ տնտեսական բաղադրիչ ստացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրանքը: Գիտեինք, որ նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ 2008թ. սահմանադրական կարգը տապալելու և ՍԴ որոշման վրա ազդելու մեղադրանքով:
Այս շաբաթ լրացուցիչ տեղեկացանք, որ մեղադրանքը լրացվել է: Հիմա նա մեղադրվում է նաև խոշոր չափով կաշառք վերցնելու, հանցավոր ճանապարհով ստացած գույք օրինականացնելու կասկածանքով (հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելն էլ է առանձնապես խոշոր չափով): Ընդհանրապես տպավորություն է ձևավորվում, որ լրատվամիջոցները շուտով լուրերն ըստ ոլորտների չեն մասնատի: Չի լինի ո՛չ մշակութային, ո՛չ կրթության մասին, ո՛չ տնտեսական, ո՛չ սպորտային, ո՛չ էլ որևէ այլ ոլորտի լուր: Կլինի միայն քրեական քրոնիկոն: Ու ոչինչ ավելի: Չեք հավատում` ստուգեք:
Օրինակ, գտեք Շիրակի մարզի Փոքր Սարիր գյուղի հանրակրթական դպրոցի մասին լուրը: Մի կարծեք, որ այնտեղ խոսվում է դպրոցի մաշված գույքի, բնագիտական լաբորատորիաների կամ համակարգչային դասարանի մասին: Լուրը բացառապես քրեական է: Հանրակրթական դպրոցի ղեկավարը, կարծեմ, հարազատ դուստրերին աշխատանքի ձևակերպելով՝ 2015 թվականից ցայսօր մաս-մաս յուրացրել է 2 մլն 740 հազար դրամ:
Հետևաբար՝ այդ արարքը կատարողին հափշտակության միջոցով յուրացման մեղադրանք է ներկայացվել: Եթե վերջին օրինակը հաշվի չառնենք, պիտի ասենք` ահա այսպիսին էր մեր անցած շաբաթվա տնտեսական տեղեկատվությունը: Այնպես որ՝ «Ընթերցեք տնտեսական լրատվություն, խորացրեք իրավագիտական Ձեր գիտելիքները»:
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում քրեական գործերը նկարագրելիս թույլ տված հնարավոր իրավագիտական սխալների համար: Քրեական լրատվության ոլորտի մասին նախկինում չեմ գրել: Հիմա ստիպված սովորում եմ:
«168 Ժամ» թերթը