Ապագա քաղաքական խաղի քարտեզը-3

Հուսանք, ոչ մեկին չենք հիասթափեցնի, եթե շրջանցելով քարոզարշավային քարոզչության բավականին կանխատեսելի մանրամասները, որոնք, չնայած իրենց թվացյալ գերակտուալությանը, միևնույն է, մոռացվելու են ընտրությունների հաջորդ օրն իսկ, շարունակենք, մեր «ոչ ակտուալ» պրպտումներն ապագա քաղաքական խաղի քարտեզի շուրջ:

Արդեն քննարկեցինք այդ քարտեզի ավանդական ընդդիմադիր դիրքերը: Բաց կթողնենք իշխանական, ինչպես նաև «իշխանության աջակից/կցորդ» պայմանական անվամբ դիրքերը. վերջինս առանձնապես հետաքրքիր չէ, և բացի այդ, ինքնին շատ թույլ է, քանի որ «աջակցի» և «օգնողի» գինը միշտ էլ ցածր է քաղաքական շուկայում: «Աջակիցը», որպես կանոն, երբեք չի վերածվում լիարժեք դաշնակցի, քանի որ դաշնակից լինելու համար անհրաժեշտ է ինքնուրույն գործոնի ներուժ, իսկ դա հնարավոր է միայն՝ տարբերվելով իշխանական դիրքից: Հաճախ էլ աջակիցներն առաջին զոհերից են իշխանության անսպասելի դաշինքների նախկին ընդդիմադիրների հետ:

Փորձենք խոսել մեր նախնական աղյուսակում նշած վերջին՝ «ավանգարդային», «իշխանությունից մեկ քայլ առաջ» դիրքի մասին: Այս դիրքը հետաքրքիր է և՛ ինքնին, և՛ նրանով, որ Հայաստանում այն, թերևս, երբեք արտահայտված չի եղել:

Դիրքի էությունն այն է, որ իշխանությունը կարող է քննադատվել ոչ թե «դեմ», այլ, որքան էլ զարմանալի է, պայմանական «կողմ» դիրքից, պատկերավոր ասած՝ այս դիրքում հայտնվողը կարող է դրսևորել իրեն՝ որպես «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»: Եթե սովորական ընդդիմությունը ենթադրում է քննադատություն, որը բխում է իշխանության արժեքային հիմքին հակադրությունից, ապա «ավանգարդային» դիրքում քննադատությունը բխում է իշխանության հետ միևնույն արժեքային հիմքից, սակայն այն շեշտով, որ իշխանությունն իրականում բավականաչափ հավատարիմ չէ այդ արժեքային հիմքին կամ բավականաչափ վճռական չէ, և այլն:

Այսպիսի դիրքն ունի ուժեղ և թույլ կողմեր: Այն առանձնապես կայուն չէ, և բավականին ծախսատար է, պահանջում է մեծ ջանք (մանավանդ, ի համեմատություն սովորական «արմատական ընդդիմությանը»), բայց որոշ պայմաններում, հատկապես՝ «հեղափոխական» և «հետհեղափոխական» իրավիճակներում կարող է գոնե ժամանակավորապես աշխատել և ակտիվանալ՝ բարդացնելով և ինչ-որ չափով ապակողմնորոշելով սովորական քաղաքական համակարգը:

Հնարավոր է այս դիրքի տարբեր իրացում՝ առավել պարզունակից՝ մինչև բավականին բարդ և բովանդակալից:

Այս պահին էլ այդ դիրքում կարծես թե փորձում են խաղալ առնվազն երկու քաղաքական ուժ՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը, և «ՔՈ» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Ապագայի մասին ասել դժվար է: Հնարավոր է, պարզվի, որ երկուսն էլ միանգամայն այլ քաղաքական խնդիրներ ունեն լուծելու, այլ ոչ թե նպատակադրված են երկարատև ու կայուն ինչ-որ դիրք գրավել:

Այդ նույն դիրքում ավելի հեռու ապագայում կարող են փորձել խաղալ իշխանությունից տարաննջատվելիք նոր ուժերը: Կարծում եմ՝ հեռու նայող ծրագրեր արդեն այսօր ունեն որոշ խմբեր իշխանական թիմում: Բացի այդ, տիպաբանորեն գրեթե անխուսափելի է ուշ թե շուտ հեղափոխական թիմերի պառակտումը և միմյանց դեմ պայքարելը: Այլ բան է, որ հիմքեր կան խիստ թերահավատ լինելու ապագա «պոկվողների» իրական ներուժի վերաբերյալ: Այդուհանդերձ, եթե նման տարբերակն իրականանա, ապա գոնե սկզբնական շրջանում ամենաբնական դիրքը լինելու է հենց «ավանգարդայինը»՝ իշխանության քննադատության փորձն «ավելի հեղափոխական» դիտանկյունից:

Սակայն, ավանգարդային դիրքում, թեկուզ զուտ տեսականորեն, հնարավոր են և այլ՝ ավելի բովանդակային և հետաքրքիր տարբերակներ:

Այստեղ կներկայացնենք միայն այդ հնարավորությունների սեղմագիրը:

Օրինակ, ավանգարդային դիրքից գուցե հնարավոր կլինի վերջապես իրական վերլուծության ենթարկել և ձևակերպել անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում ՀՀ իշխանությունից ժողովրդական զանգվածային դժգոհության իրական կառուցվածքը, բովանդակությունը, պատճառները: Այդ ժողովրդական դժգոհությունը պետք է տարբերել վերնախավային ընդդիմությունից:

Վերնախավերը միշտ էլ օգտագործել են ժողովրդական դժգոհությունն իշխանության համար պայքարում և դեռ կօգտագործեն, բայց վերնախավերը յուրովի են մեկնաբանել այդ դժգոհությունը՝ հենց վերնախավային պատկերացումներին բնորոշ եզրերով և շեշտերով, իսկ իր բուն խոսափողը, արտահայտման հարթակները, ընդհանրապես հստակ գիտակցությունն այդ դժգոհությունը երբեք չի ունեցել: Այսինքն՝ ժողովրդական դժգոհությունը շահագործվել է, բայց երբեք ո՛չ վերլուծվել է, ո՛չ էլ իրական ձայն է ստացել: Բոլորը հղել են դրան, բայց ոչ ոք նույնիսկ խնդիր չի դրել դա հասկանալ՝ համարելով ինքնին պարզ դրա պատճառներն ու բովանդակությունը:

Ասենք, որ մեր կարծիքով՝ ժողովրդական դժգոհության իրական բովանդակությունը քիչ կապ ուներ և ունի վերնախավային այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են ընտրությունները, «կոռուպցիան», «դեմոկրատիան», «բազմակուսակցականությունը», և այլն (սրանք չակերտում ենք, որովհետև տվյալ դեպքում նկատի ունենք ոչ թե իրական կոռուպցիան, դեմոկրատիան և այլն, այլ ընդդիմադիր պաթետիկ լեզվի կաղապարների վերածված անորոշությունները):

Ժողովրդական դժգոհության խորքային իմաստի համար բանալի բառեր են՝ զարգացումը և արդարությունը, որոնք, եթե մի օր բացվեն և վերածվեն խոսքի և գործի, ապա կունենանք իրապես հեղափոխական՝ ժողովրդական քաղաքականության հնարավորություն: Իհարկե, ասածներս, առանց հավելյալ բացատրությունների, թվում են տարօրինակ և անհասկանալի, բայց որպես սեղմագիր՝ այսքանը բավական է:

Նույն ավանգարդային դիրքից կարող են հստակեցում և ձևակերպում ստանալ, ինչպես նաև ծրագրի վերածվել նոր կառավարության կողմից հնչեցված, բայց շարունակություն չստացած, համակարգի չվերածված մի քանի կարևոր կարգախոս և հասկացություն: Օրինակ՝ ուրույն հայկական հասարակարգի, ուղիղ ժողովրդավարության, հայ ժողովրդի առաքելության, նրա մեծության, աշխարհին դեռևս ասելիք ունենալու, հայկական հեղափոխության Հայաստանից դուրս ունեցած նշանակության մասին, և այլն:

Ի վերջո, ավանգարդային դիրքը միայն, եթե այն չմեկնաբանվի առավել պարզունակ կերպով, այլ իրական բովանդակություն ստանա, կարող է իմաստ տալ Հայաստանում այսօր տեղի ունեցողին, ընդհանրապես իրական տարբերություն մտցնել եղած և ապագա քաղաքական դաշտերի միջև:

Ցավոք, այս պահին չի երևում որևէ քաղաքական միավոր, որն ի զորու կլինի ստանձնել այս դերը:

Տեսանյութեր

Լրահոս