Բաժիններ՝

Արմեն Սարգսյանի արդեն նախկին նստավայրը հատկացվում է Աննա Հակոբյանին

Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26։

Նշենք, որ  խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո ՀՀ վարչապետի նստավայր էր սահմանվել Բաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը՝ Կառավարության ընդունելությունների նախկին տան մասնաշենքը:

Զուգահեռաբար, ՀՀ կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, որը հետագայում հանձնվեց վարչապետի աշխատակազմին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն, Բաղրամյան 26-ն ամբողջությամբ չվերադարձրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. դահլիճները մնացին արարողակարգային նշանակության, այսինքն՝ դրանցից պետք է օգտվեն և՛ վարչապետը, և՛ նախագահը։

Նախապատվությունը տրվելու է, սակայն, վարչապետի հանդիպումներին։ Այնպես որ, եթե և Արմեն Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը միջոցառումներ, հանդիպումներ ունեն, ապա նախապատվությունը տրվում է Փաշինյանի միջոցառումներին։

Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է, որ Բաղրամյան 26-ի մասնաշենք տեղափոխվի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ աշխատակազմով։

168.am-ի խիստ հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀ նախագահի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նստավայրը՝ Կառավարության նախկին ընդունելությունների տան մասնաշենքը, շուտով կդառնա  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նստավայրը։ Այն դեպքում, երբ որևէ օրենքով նման բան՝ առհասարակ վարչապետի տիկնոջ գրասենյակ, նստավայր, նախատեսված չէ։

Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Աննա Հակոբյանի իրերը հավաքվում-տեղափոխվում են Մաշտոցի 47։

Եվս մեկ անգամ լուրի իսկությունը ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չի տիրապետում նման տեղեկության։

«Երբ տեղափոխման խնդիր կլինի, այսինքն, երբ տեղափոխման հարցը կդառնա իրականություն և հրապարակման ենթակա, մենք բոլոր լրատվամիջոցներին տեղյակ կպահենք, հատկապես՝ «168 Ժամին»»,- շեշտեց Հ. Հարությունյանը։

«Ո՛չ բացառում, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ, կարող եմ միայն ասել, որ այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- եզրափակեց Հ. Հարությունյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս