«Ալիևը նախապատրաստում է հարձակում Արցախի վրա՝ իր կողմից, իսկ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում՝ այս կողմից». Դավիթ Շահնազարյան
ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ադրբեջանի և Արցախի շփման գծում փոփոխություններ են եղել. «Դեռևս մայիս ամսից փորձ էր արվել ինչ-որ բլուրներ կառուցել այնտեղ, բայց անընդհատ արգելափակող կրակով այդ շինարարական աշխատանքները դադարեցվում էին: Շփման գծից 1300-1700 մետր հեռավորության վրա, իրարից մինչև 5 կմ հեռու և փաստացի ամբողջ շփման գծի երկայնքով բլուրներ են դրանք: Սեպտեմբերի 27-ից հետո մեծ թափով իրականացվում են այդ շինարարական աշխատանքները, բլուրների մի մասն արդեն պատրաստ է, մյուս մասում շինաշխատանքներ են»:
Դավիթ Շահնազարյանը ցուցադրեց այդ բլուրների նկարները։ Նա ասաց, որ լուրջ ռազմական փորձագետների հետ է քննարկել այս բլուրների հարցը. «Նման տիպի շինություններն ունեն կրկնակի նշանակություն՝ և՛ պաշտպանվելու, և՛ հարձակվելու համար են։ Հաշվի առնելով թե՛ հայկական կողմերի քաղաքականությունը այն իմաստով, որ հարձակում չի նախատեսվում, և թե՛ Ադրբեջանի քաղաքականությունը, որը գիշեր-ցերեկ խոսում է նոր պատերազմի մասին, այսքան ծախսատար բլուրներն ունեն բացարձակապես հարձակողական նշանակություն: Կիրթ մարդը, ինչպես Ալիևին անվանել է գործող վարչապետը, շարունակում է իր նույն հռետորաբանությունը, շարունակում է «կառուցողական», «շինարարական» քաղաքականությունը, և եթե Նախիջևանում իքս պահին այս նոր հենակետերը հարվածներ են հասցնելու մեզ, ապա Արցախում սրանք բացարձակապես հարձակման նախապատրաստվելու համար են»։
Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ սեպտեմբերի 27-ի վերելակային հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ քննադատական խոսք Ադրբեջանի քաղաքականության մասին չի ասում. «Փոխարենը՝ տեսնում ենք նրա հռետորաբանությունը Բելառուսի և Ղազախստանի նախագահների նկատմամբ»։
Շահնազարյանի խոսքով՝ Ալիևը նախապատրաստում է հարձակում Արցախի վրա՝ իր կողմից, իսկ Փաշինյանը սկսել է քաղաքական հարձակում Արցախի ռազմական ղեկավարության վրա՝ այս կողմից. «Ես հեռու եմ այն մտքից, որ սա, այսպես կոչված, անփորձության հետևանք է: Սա քաղաքականություն է, ինչի համար և որոշ ուժեր նպաստել են, որպեսզի նա գա իշխանության»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում