«Դե, հես ա կտեսնենք՝ ով ում դատի կտա». Նիկոլ Փաշինյան

«Մենք ամենակարևոր կաղապարը ջարդել ենք՝ անհնարինության կաղապարը, որովհետև էն, ինչ տեղի ունեցավ, շատ-շատերն անհնար էին համարում, և նրանք երկար տարիներ ներշնչել էին հանրությանը, թե իրենց դեմ խաղ չկա, թե իրենք տենց ուժեղ բաևիկ տղերք են, հիմա մկան ծակին 10 շահի են տալիս»,- այսօր Աշտարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր ԱԺ-ում պիտի քննարկվեր Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կոռուպցիոն քրեական գործի հետ կապված հարց՝ դեռևս Աժ պատգամավոր Արամ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը. «Բա ի՞նչ էիք մտածում, բա հո մարդիկ անիմաստ գործի չէի՞ն գալիս-գնում… 14 մլն… բա, իրանք հո տենց մելկի տղերք չեն, իրանք տենց 14 մլն լինի, 20, 30, 50, 500, միլիարդ, էդպես… ու հիմա ամենակարևոր արձանագրում, բայց Ազգային ժողովում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվեր։ Դրա համար էլ մենք էդ Ազգային ժողովը ցրեցինք»։

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ նոր խորհրդարանի ընտրվելուց հետո Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի, և քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով։ Նա նկատեց, որ այդ 14 մլն դոլարը միայն մի գործով է, ու հիշեցրեց հայտնի պատմությունը՝ «նանը չոռ ուտի, ամենքդ մի 14 մլն որ տաք, մենք էլ արանքում յոլա կգնանք»։ Ըստ Ն.Փաշինյանի՝ պետք է նայել ճանապարհների, դպրոցների, զինվորների, ուսուցիչների աշխատավարձի ու մնացածի վիճակը։

Մեջբերելով ՀՀԿ-ականների խոսքը, թե իրենց «թալանչիների բանդա» ասելու համար դատի են տալու, Փաշինյանը հայտարարեց. «Դե, հես ա կտեսնենք՝ ով ում դատի կտա։ Հատ-հատ բոլոր սերմացու գողացող մկներին բերելու ենք դատարան։ Եվ եթե թվում է, թե էդ սերմացու գողացող մկները դատարաններում ճուտեր են բերել, իրանց նման սերմացու գողացող չգիտեմ ինչեր, Ազգային ժողովը քաղաքական բարձրագույն մարմին է, և կառավարությունն ունի բոլոր լծակները դատական համակարգում նույնպես ի վերջո հեղափոխություն անելու, որովհետև, ի վերջո, այո, Հայաստանի դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում կոռումպացված, թալանչի դատավորները, և էդ դատավորներին էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության։

Կարդացեք նաև

Էդքան տարի ապօրինի մարդկանց լցրել են բանտերը, «Մարտի 1»-ի գործով Եվրոդատարանն արդեն վճիռներ է սկսել կայացնել տասնյակ գործերով։ Էդ դատավորներին թվում ա՝ իրանք մարսելո՞ւ են։ Որևէ մեկը ՀՀ-ում՝ ներկա կլինի, նախկին կլինի, ապագա կլինի, ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու, իր լափածը, գողացածը չի մարսելու։ Եթե կլինեն մեր կառավարության ու մեր իշխանության ժամանակ էդպիսի մուտանտներ, էդ մուտանտների տեղը բանտում ա։ Ես ասում եմ՝ հիմա առավել ևս, հեղափոխությունից հետո, էն չինովնիկը, որ իր ծառայությունը, իր լծակը, իր մանդատը կօգտագործի իր անձնական շահի համար, նրա նկատմամբ պատիժն ավելի խիստ է լինելու, քան նախկինների, կրկնակի խիստ է լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս