«Մոսկվան ճիշտ է վարվում՝ չներքաշվելով նախընտրական իրավիճակի մեջ». Տրոֆիմչուկ
«168 Ժամի» զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը
– Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ինչպիսի՞ արշավ եք կանխատեսում:
– Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր և ոչ թեթև է դառնում, ինչպես գուցե ոմանց թվա, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»: Նրանք սպասում են, թե երբ կգա առաջին լուրջ ճգնաժամը, և առաջին հերթին՝ վստահության ճգնաժամը քաղաքացիների հիմնական, կրիտիկական կարևոր զանգվածի մոտ: Այդ ժամանակ կսկսվի իրական հակազդեցություն «նոր ռեժիմին»: Ի դեպ, սպասվող ընտրությունները փակուղի են մտցնում հենց Փաշինյանին ու նրա կողմնակիցներին, այլ ոչ թե Նիկոլ Վովաևիչի հակառակորդներին, քանի որ արդյունքների բացակայությունը վերագրել ինչ-որ կոռուպցիոներների՝ մեկ ամսից չի հաջողվելու:
Իսկ այն, որ արդյունքներ չեն լինելու՝ դա պարզ է արդեն հիմա. հետսովետական տարածքում շատ են եղել նմանատիպ օրինակներ պարզ բանաձև ձևակերպելու համար: Ինքնին քարոզարշավը քիչ թե շատ սովորական է լինելու, քանի որ մնացած բոլորը սկսվելու է դրանից հետո: Թավշյա հեղափոխությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենևին էլ չի ավարտվի:
Ուստի Ն. Փաշինյանի աջակիցների մեծամասնությունը խորհրդարանում հատուկ, ռազմավարական նշանակություն չի ունենա: Լիդեր քաղաքական ուժի սեփական երաշխիքների համար հարկավոր է փոխել տարիֆները և գները, կոպիտ ասած՝ «կերակրել» մարդկանց: Իսկ քվեատուփերի տակ, ինչպես հայտնի է, ոչ ուտելիք կա, ոչ էլ էժան բենզին:
– Այս ընտրափուլի գլխավոր հարցը հետևյալն է` որ ուժն է հավակնելու ստանձնել ձևավորվելիք ԱԺ–ում ընդդիմության դերակատարությունը, քանի որ կան մտավախություններ, որ Փաշինյանի ժողովրդականության պայմաններում Հայաստանը կարող է չունենալ լուրջ ընդդիմություն: Ըստ Ձեզ` ՀՀԿ–ն կլինի՞ արդյոք նոր խորհրդարանում, և արդյոք կառուցողական ընդդիմություն լինելու ռեսուրսներ կունենա՞:
– Փաշինյանի աջակիցներին լուրջ ընդդիմություն դեռ չի լինի: Հանրապետականներն ընդհանրապես կփորձեն հնարավորինս քիչ աչքի ընկնել հասարակական-քաղաքական կյանքում, իսկ Փաշինյանի մնացած քննադատները, ինչպես ես եմ կարողանում դատել, գործում են չափազանց ֆորմալ, չոր և անհետաքրքիր: Նման չինովնիկական ու բյուրոկրատական մարտավարությունը Փաշինյանի ցայտուն քայլերի դեմ, իհարկե, չի աշխատի: Ուստի Հայաստանում ցանկացած խորհրդարանական ընդդիմություն ինչ-որ առումով հիշեցնելու է ուկրաինական Ռեգիոնների կուսակցության մնացորդները, կտորտանքները:
Նման ուժերի դեմ, ինչպիսին «Սասնա ծռերն» է, իհարկե, նրանց դուրս գալն անիմաստ է: Իմաստ չունի սեղմել ընդդիմության ոտնակի վրա, քանի դեռ Հայաստանն ընդհանուր առմամբ չի կորցրել հավատը Փաշինյանի նկատմամբ: Բայց այդ պարագայում ևս ՀՀԿ-ի վերակենդանացում տեղի չի ունենալու, պետք է երևան գա մի նոր ուժ, որը լիարժեք իրավունք կունենա մաքուր էջից հարցեր հղել Փաշինյանին:
Պետք չէ հույսեր կապել ՀՀԿ-ի հետ, որը փաստորեն Փաշինյանին բերեց իշխանության: Ուստի տրամաբանական կլինի, որ նա վերցնի նրանցից բոլոր «արժեթղթերը»: Բնականաբար, նախընտրական բլոկներում կան նաև այնպիսի քաղաքական ուժեր, կուսակցություններ, որոնք ժամանակին ինչ-որ կերպ կապված են եղել ՀՀԿ-ի հետ, բայց ներկայումս հավակնում են ինքնուրույն դերակատարության հայաստանյան քաղաքականության մեջ: Բայց նրանց ևս, ինչպես ասացի, չի բավականացնում գլխավորը` փայլուն մատուցում:
– Ըստ Ձեզ՝ այս ընտրություններում կա՞ն արդյոք արտաքին հետաքրքրություններ, գործոններ, խաղադրույքներ: Այս ընտրություններում կան երեք ուժեր, որոնք դիրքավորվում են՝ որպես արևմտամետ: Ըստ Ձեզ` ի՞նչ է դա նշանակում:
– Բնականաբար, արտաքին հետաքրքրություններն այս ընտրություններում ավելի քան բավարար են: Արևմտամետ կուսակցությունների գործողություններին մեծ ուշադրությամբ հետևում են հենց Արևմուտքում, քանի որ դրանից է կախված այդ ուղղությամբ կուրսի ամրապնդումը: Ոչ մեկ ուժի, այլ այդ բոլոր ուժերի, որոնք ներկայացված են ողջ հավաքածուով, հաջողության դեպքում Երևանը կսկսի որոշակի օգնություն ստանալ այն կողմից: Փաշինյանի հաղթանակը երկրի կուրսի հստակեցման պայմաններից մեկն է, առավել ևս՝ հաշվի առնելով հետսովետական տարածքի շուրջ իրավիճակի շարունակական վատթարացումը:
Հենց ինքը` Նիկոլ Վովաևիչը, ԱՄՆ այցից և այնտեղ ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներից հետո հրապարակայնորեն ասաց այդ մասին: Դրանից հետո հայաստանյան ընդդիմությունը չի ունենա որևէ հնարավորություն՝ վերադարձնել Հայաստանն առավել սովորական և հանգիստ քաղաքական հուն: Նայեք, օրինակ, Ուկրաինային: Բայց ուկրաինական իրավիճակը մեկին մեկ այստեղ չի կրկնվի, քանի որ ոչինչ և երբեք չի կրկնվում:
– Նախկինում ևս Հայաստանում եղել են արևմտամետ ուժեր, բայց որևէ ուժ չի դրել այնպիսի հակառուսական պահանջներ, ինչպիսին նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը: Որոշ գործիչներ պնդում են, որ այս կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտին հարկավոր է, որպեսզի Ռուսաստանն իմանա, որ իր նկատմամբ կա ավելի կտրուկ դիրքորոշում: Ըստ Ձեզ` որն է լինելու այս կուսակցության դերակատարությունը մեր քաղաքական կյանքում: Մուտք կգործե՞ն արդյոք նրանք խորհրդարան: Կա՞ն արդյոք վտանգներ նրանում, որ ուժի ներկայացուցիչները, որոնք երկու տարի առաջ գրավել էին ՊՊԾ գունդը, մտնում են քաղաքականություն: Ինչպե՞ս իշխանությունը պետք է վարվեր այս ուժի հետ:
– «Սասնա ծռերի» ղեկավարությունն իրեն դիրքավորում է՝ որպես Նիկոլ Փաշինյանի հարվածային ջոկատ, որի հաշվին լուծվելու են բոլոր բարդ հարցերը, որոնք ինքը՝ Փաշինյանը, չի կարող վերցնել իր վրա այս կամ այն պատճառով: Օրինակ` Փաշինյանը չի կարող բարձրաձայնել հակառուսական թեզեր: Իսկ այս արմատական կուսակցության համար բաց են բոլոր հնարավորությունները: Ի դեպ, այս կուսակցությունը նոր կառավարությունում առաջնորդության չի հավակնում, դեռ բավարար կլինի պարզ լեգալիզացիան և մանդատների ոչ մեծ քանակը, բայց արդեն Հայաստանի կուրսի վերաֆորմատավորման նշանակետով:
Ավելին, Սէֆիլյանը հստակ և անկեղծ ասում է, որ դեկտեմբերյան ընտրություններն ամենևին էլ վերջինը չեն, և, որ այս ընտրություններին ոչ ուշ հաջորդելու են նոր ընտրություններ, որոնք է՛լ ավելի կփոխեն երկրի քաղաքական համակարգը: Եթե պարզ ասենք, ապա «Սասնա ծռերը» պետք է դառնան ողջ հասարակության կարգավորիչը, ինչպես նաև, եթե անհրաժեշտ լինի՝ «կացին» այնպիսի կուսակցությունների ներկայացուցիչների համար, ինչպիսին ՀՀԿ-ն է: Ընդհանրապես տարօրինակ է, որ «Սասնա ծռերի» լեգալիզացիան չի հետաքրքրում այնպիսի կազմակերպության, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, որի գլխավոր խնդիրներից մեկը հայտարարված է ահաբեկչության դեմ պայքարը:
Եթե Երևանում, ռազմաքաղաքական այս բլոկի անդամ երկրներից մեկի մայրաքաղաքում, ոստիկանական բաժանմունքի զինված գրավումը զոհերով ահաբեկչություն չէ, ապա ո՞րն է ՀԱՊԿ-ը որակում՝ որպես ահաբեկչություն: Ուստի, եթե ՀԱՊԿ-ն ունակ չէ Հայաստանում «Սասնա ծռերի» վերելքի հարցում կողմնորոշվել, ապա այդ կառույցի անդամներն են արդեն կողմնորոշվելու ՀԱՊԿ-ի հարցում, այդ թվում՝ ղարաբաղյան ուղղությամբ:
– Ինչպե՞ս է Կրեմլը գնահատում Հայաստանում ծավալվող ներկայիս գործընթացները, հնչող հակառուսական պահանջները: Կա՞ն արդյոք ֆավորիտներ այս ընտրություններում:
– Կրեմլը կարծում է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Կարծում է, որ կփոխվի իշխանությունը, իսկ հետո ամեն բան իր հունով կգնա: Բայց ինչպես հայտնի է, Կրեմլը նույնկերպ` իրեն հատուկ և տարօրինակ ոճով, գնահատում էր Վրաստանում, Ուկրաինայում և շատ այլ տեղերում կարևոր իրադարձությունները, իսկ հետո բոլոր տեղերում տեղի էր ունենում նույնը: Ամեն դեպքում Մոսկվան ճիշտ է վարվում՝ չներքաշվելով նախընտրական իրավիճակի մեջ:
Պակասում է միայն, որ Ռուսաստանին մեղադրեն հայաստանյան ընտրություններին միջամտության մեջ, թեև ԱՄՆ-ը ու ԵՄ-ն միշտ կարող են սարքել դա, և այդ դեպքում ոչ մի երաշխիք այդ հարցում չկա: Ի դեպ, Մոսկվան այլևս նման լծակներ չունի: Ինչ վերաբերում է խաղադրույքին, ապա չկա մի ուժ, ում վրա կարելի է խաղադրույք անել: