Կոնգոյի ԴՀ-ում էբոլայի բռնկումը երկրորդ խոշորագույնն է դարձել պատմության մեջ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու հեմոռագիկ տենդի վիրուսի բռնկումը երկրորդ խոշորագույնն է դարձել պատմության մեջ: Այդ մասին հաղորդվում է Փրկության միջազգային կոմիտեի (International Rescue Committee — IRC) կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում: Կոմետեի տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 29-ի դրությամբ էբոլա վիրուսով վարակվածների թիվը Կոնգոյում հասել է 426-ի:
Կոմտեն նշում է, որ հանրապետության բնակիչներին բուժօգնության ցուցաբերումը դժվարանում է Հյուսիսային Կիվուի նահանգում շարունակվող հակամարտության պատճառով, որտեղ 50-ից ավելի զինված խմբավորումներ են գործում:
Ավելի վաղ էբոլա տենդի բռնկման մասշտաբներով երկրորդը 2000 թվականին Ուգանդայում տարածված համաճարակն էր: Այն ժամանակ վիրուսով վարակվել էր 425 մարդ, հիվանդացածների կեսից ավելի մահացել էր:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային ինֆեկցիա է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի խոշորագույն համաճարակը բռնկել է 2015 թվականին Արեւմտյան Աֆրիկայում եւ հիմնականում ընդգրկել է երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Այն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վարակվել էր 28,6 հազար մարդ, մահացել էր ավելի քան 11,3 հազար հոգի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: