«Մեկ ուժի վրա հիմնված համակարգը չի կարող արդյունավետ լինել»

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը Մարտունի քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ «Սասնա ծռերը» կարևորում են այն հանգամանքը, որ պետության քաղաքական համակարգը պետք է ունենա հակակշիռներ, ուստի մեկ ուժի վրա հիմնված համակարգը չի կարող արդյունավետ լինել, որքան էլ այդ համակարգում ներգրավված լինեն լավ մարդիկ։

«Խիստ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանում լինի երկրորդ բևեռ, որը կկարողանա իր կառուցողական գործունեությամբ,  մյուս ուժի հետ միասին, միմյանց թերությունները նկատելով, շտկելով, առաջարկություններ անելով, պետոււթյունը զարգացնել և առաջ տանել։ Այդ պատճառով էլ շատ ենք կարևորում, որ մեր ժողովուրդն իր ձայնը տա «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը, որն առկա քաղաքական ուժերի մեջ միակ սկզբունքային ուժն է, որն ի վիճակի է ներկայացնելու ժողովրդի ցանկությունները»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։

Ըստ Վարուժան Ավետիսյանի, «Սասնա ծռերի» մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին պայմանավորված է նաև այն հանգամանքով, որպեսզի խանգարեն նախկին իշխանություններին՝ մարտի 1-ի կոալիցիոն ուժերին, մտնելու խորհրդարան։

Նա մարտունեցիներին կոչ արեց ընտրել իրենց, եթե ոչ, ապա հեղափոխական ուժերից որևէ մեկին, միայն՝ ոչ նախկին իշխանություններին։
Նա կարևորեց, որ հեղափոխական գործընթացը պետք է հասցնեն իր տրամաբանական ավարտին։

«Մենք պատկերացնում ենք, որ նոր խորհրդարանը 2 տարուց ավելի կյանք չի կարող ունենալ, այն պարզ պատճառով, որ այն ձևավորվում է հին համակարգի կանոններով, հին համակարգի մնացորդներն են մասնակցում ընտրություններին, և այս պայմաններում ձևավորված խորհրդարանը չի կարող հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր ազգի և պետականության առջև»,- նշեց Վարուժան Ավետիսյանը։
Ելույթի ավարտին Վ. Ավետիսյանը նշեց, որ հավաքվածները բոլորն էլ գրագետ մարդիկ են, ուստի կարդացած կլինեն իրենց նախընտրական ծրագիրը և կարող են հարցեր ուղղել, սակայն հավաքվածներից որևէ մեկը հարց չուներ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս