«Ուղղակի կոռեկտ չէ, դա նոր Հայաստանի տրամաբանություն չէ, դա հին Հայաստանի տրամաբանություն է». Նիկոլ Փաշինյանը՝ Նաիրա Զոհրաբյանին
Այսօր Աբովյան քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որ Գագիկ Ծառուկյանն անում է ներդրումներ և քվեով պետք է հանրավորություն տալ, որ այդ ներդրումները շարունակվեն։ Ըստ նրա՝ հայտարությունն իրեն հետաքրքրել է, որովհետև այն չի արտահայտում ՀՀ-ում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակը։
«Քվեն և ներդրումը մեկը մյուսի հետ, մեր պատկերացմամբ, կապ չպիտի ունենա։ Ենթադրենք՝ չկա այդ քվեն, կամ այլ մարդիկ, որ ԱԺ պատգամավոր չեն, նրերդրումներ չեն անո՞ւմ։ Ներդրման և քվեի կապը նշելը ճիշտ չէ այն առումով, որ դա մի տեսակ հին Հայաստանի սիմվոլ է։ Հին Հայաստանի առանձնահատկությունն այն էր, որ ներդրողների 90%-ին կարելի էր տեսնել խորհրդարանում։ Մենք էս տրամաբանությունը փոխել ենք, դուք եք էդ տրամաբանությունը փոխել, ժողովուրդն է էդ տրամաբանությունը փոխել։
Եվ մենք՝ մեր կառավարությունն ասել ենք, որ երաշխավորում ենք բոլոր ներդրումերի անվտանգությունը՝ անկախ ներդրողի քաղաքական պատկանելիությունից և, ես կարծում եմ, որ ուղղակի կոռեկտ չէ, որ ձայն տվեք, որ ներդրում լինի, կամ ներդրում ենք անում, որ ձայն տաք։ Դա նոր Հայաստանի տրամաբանություն չէ, դա հին Հայաստանի տրամաբանություն է։ Մենք երաշխավորում ենք բոլոր ներդրումների անվտանգությունը՝ և՛ պարոն Ծառուկյանի, և՛ բոլոր ներդրողների»,- ասաց Ն.Փաշինյանը։
Նա ուշադրություն հրավիրեց, որ գործարար թեկնածուների տոկոսը նվազել է, ՀՀ խոշոր գործարարների 95 և ավելի տոկոսը որևէ կերպ պատգամավորության թեկնածու առաջադրված չէ.
«Եվ դա գործարար կարգավիճակի նսեմացում չէ, այլ այդ կարգավիճակի բարձրացում պետք է տեղի ունենա։ Գործարարները պետք է ազատված լինեն քաղաքական պատասխանատվությունից»։