Բաժիններ՝

«Վորսկլա»-«Արսենալ». Մխիթարյանի վերադարձը Ուկրաինա

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումն իսկական տոն է ուկրաինացիների համար, քանի որ մինչև այս լոնդոնցիներից ավելի հեղինակավոր ակումբ չի հյուրընկալվել «Վորսկլային»:

«Վորսկլա»

«Վորսկլան» Եվրոպա լիգայի այս հանդիպմանը մոտենում է 3 խաղ անընդմեջ պարտություններով, և ներքին առաջնությունից 3-րդ տեղից բավականին հեռանալով:

Վերջին 3 հանդիպումներում «Վորսկլան» Եվրոպա լիգայում պարտվեց «Ղարաբաղին» (0:1), իսկ Ուկրաինիայի առաջնությունում՝  «Շախտյորին» (0:2) և «Մարիուպոլին» (0:1): 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Դինամոյին» «Վորսկլան» զիջում է 8 միավոր:

Կարդացեք նաև

Սաչկոյի թիմն այս մրցաշրջանում առաջին անգամը չէ, որ նման իրավիճակում է: Ասել, որ ուկրաինական թիմը Եվրոպա լիգայում խայտառակ է հանդես գալիս, սխալ կլինի: Քննդատել Սաչկոյի ֆուտբոլիստներին կարելի է միայն ադրբեջանական թիմին պարտվելու համար, քանի որ «Վորսկլան» թե՛ որակներով, և թե՛ խաղով գերազանցում էր մրցակցին:

Ուկրաինացիների լազարեթում հիմա մի շարք ֆուտբոլիստներ են, ովքեր չեն կարողանա մասնակցել լոնդոնցիների դեմ խաղին, այդ թվում՝ Դմիտրի Կրավչենկոն, Ալեքսանդր Կոբախիձեն և Դենիս Վասինը: Հարցականի տակ է Ալեքսանդր Չիժովի և Նաջիբ Յակուբուի մասնակցությունը:

«Արսենալ»

Լոնդոնյան թիմի խաղն այս մրցաշրջանում գնահատելը մի փոքր բարդ է: «Արսենալն» արդյունավետ ֆուտբոլ է խաղում, չի պարտվում, հասնում է իր ուզած արդյունքներին, սակայն  երկրպագուներին, միևնույն է, ինչ-որ բան պակասում է: Սա դեռևս այն «Արսենալը» չէ, որ պետք է անխոս լինի Պրեմիեր լիգայի առաջատարը և պայքարի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Իսկ ահա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում լոնդոնցիներն անկասկած կխաղան, ավելին՝ «Արսենալը» համարվում է այս մրցաշրջանի գլխավոր ֆավորիտներից մեկը:

«Արդյո՞ք մենք խաղում ենք նույն մակարդակում, ինչ լավագույն 4-ի ակումբները: Երբեմն` այո, երբեմն՝ ոչ:

Եթե «Արսենալը» ցանկանում է թոփ-4-ում լինել, մենք պետք է ինչ-որ մի բան բարելավենք: Մենք հիմա առաջընթաց ենք ապրում և պետք է շարունակենք: Մեր թիմում գոլ կարող են խփել շատ տարբեր ֆուտբոլիստներ, ինձ համար դա շատ կարևոր է: Բայց հավասարակշռության համար մենք պետք է ավելի լավ հանդես գանք պաշտպանական գծում ևս: Դա հեշտ չէ: Մենք դրա վրա ենք աշխատում և խոսում դրա մասին: Մեզ ավելի շատ բան է պետք անել, մենք պետք է առաջ շարժվենք»,- այսպես է մեկնաբանել իր թիմի խաղն այս մրցաշրջանում Ունայի Էմերին:

Շատ տպավորիչ 12-խաղյա անպարտելիության շարքից հետո «Արսենալը» մի փոքր թուլացրել է տեմպը: Սակայն, միևնույն է, լոնդոնյան թիմը պարտություն չի կրել: Վերջին 6 խաղում Ունայի Էմերիի սաները ոչ-ոքի են խաղացել «Քրիսթալ Փելեսի» (2:2), «Լիվերպուլի» (1:1), «Սպորտինգի» (0:0) և «Վուլվերհեմթոնի» հետ (1:1):

Այս ընթացքում «Արսենալի» երկու հաղթանակներից մեկը Լոնդոնի գավաթում էր՝ «Բլեքփուլի» նկատմամբ (2:1), իսկ մյուսը՝ «Բորնմութի» նկատմամբ (1:2): Տրամաբանական է, որ այս խաղերի արդյունքում լոնդոնցիները մի փոքր զիջել են դիրքերը և մրցաշարային աղյուսակում հիմա 5-րդն են՝ զիջելով իրենց տեղը «Չելսիին»:

Եվրոպա լիգայի խմբային փուլի այս խաղում, ամենայն հավանականությամբ, կխաղա լոնդոնյան ակումբի փորձարարական և ոչ ամենամարտունակ կազմը, քանի որ այս հանգստյան օրերին Ունայի Էմերիի սաները հանդիպելու են «Տոտենհեմին»:

Այս հանդիպումն առանձնահատուկ է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար, քանի որ նա երկար տարիներ խաղացել է Ուկրաինայում: Մխիթարյանը ջերմ ընդունելության է արժանացել Ուկրաինայում թե՛ հայ, և թե՛ ուկրաինացի երկրպագուների կողմից: Ավելի ուշ հայ  ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին ընդունելության համար:

Ի դեպ, այս հանդիպումը պետք է կայանար Պոլտավայում, սակայն տեղափոխվել է Կիև: Մխիթարյանը, մեկնաբանելով այս փոփոխությունը, նշել է, որ ինքն ամենից շատ կարոտել է Դոնեցկը, սակայն, թե իր, և թե մյուս ֆուտբոլիստների համար միևնույն էր, թե որ քաղաքում կկայանա հանդիպոմը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • «Վորսկլան» պարտվել է 3 խաղ անընդմեջ
  • Մրցակցի հարկի տակ «Արսենալը» հաղթել է 7 խաղերից 6-ում
  • Եվրոպա լիգայում մրցակցի հարկի տակ «Արսենալը» հաղթել է 6 խաղերից 4-ում

Եթե «Արսենալն» ապահոված չլիներ իր տեղը փլեյ-օֆֆում և կիրակի հանդիպում չունենար «Տոտենհեմի» հետ, ապա այս խաղում ուկրաինական ակումբը շատ լուրջ դժվարությունների կբախվեր: Սակայն հիմա լոնդոնցիները մոտենալու են այս խաղին՝ որպես մեծ մարզում: Մյուս կողմից՝ «Վորսկլան» ամեն ինչ անելու է սեփական երկրպագուների աչքի առաջ լավ ֆուտբոլ խաղալու և հեղինակավոր մրցակցի դարպասը գոլեր ուղարկելու և, ինչո՞ւ ոչ, նաև հաղթելու համար:

Հիշեցնենք, որ «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 21:55-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս