«Այս նույն բանը եղել է մեր երեք նախագահների հետ, հիմա ուզո՞ւմ եք նույնը չորրորդի հետ լինի». Արա Պապյան
«Սասան ծռեր» համահայկական կուսակցության անդամներն այսօր նախընտրական հանդիպումներ են ունեցել Արագածոտնի մարզի բնակիչների հետ։ Շրջելով տարբեր համայնքներում, նրանք բոլորին հորդորեցին ընտրություններում լինել ակտիվ և ընտրել «Սասնա ծռերին»։
Տեղի բնակիչներից մեկը «Սասնա ծռերին» հիշեցրեց, որ 30 տարի առաջ, երբ իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը, հայ ժողովուրդը կրկին ձեռքերը վեր բարձրացրեց և բացականչեց՝ «Լևոն»։
«Էդպես եկավ իշխանության ու ամեն ինչ իր հետևից քանդեց, մինչև հիմա էլ քանդում է»,- նշեց բնակիչը։
«Սասնա ծռեր» կուսակցության համակիրներից քաղաքագետ Արա Պապյանը նրան բացատրեց, որ այստեղ խնդիրն այն է, որ ցանկացած քաղաքական ուժ, որի վրա չկա վերահսկողություն և հակակշիռ՝ իշխանությունը փչացնում է։
«Իշխանության նման փչացնող բան՝ մեկ էլ փողն է։ Դրա համար ամբողջ աշխարհն ընտրում է մի քանի կուսակցություններ, որպեսզի մեկը մյուսին վերահսկի։ Ասում եք՝ Լևոն Տեր-Պետրոսյան, նա ձայների 83 տոկոսով եկավ իշխանության, դառը փորձ ունենք, այդ պատճառով էլ ասում ենք, որ չի կարելի միայն մեկ կուսակցության տալ իշխանությունը։ Այդ նույն մարդիկ չե՞ն, որ այսօր ՀՀԿ-ից գնացել են «Քաղաքացիական պայմանագիր», նրանք փոխվելո՞ւ են»,- ասաց Արա Պապյանը։
Նա հորդորեց չվերադառնալ Խորհրդային Միության համակարգին, երբ մեկ հոգուն դարձնում էին կուռք և գովաբանում, այնուհետև նետում ցեխերի մեջ։
«Այս նույն բանը եղել է մեր երեք նախագահների հետ, հիմա ուզո՞ւմ եք նույնը չորրորդի հետ լինի։ Պարզ չի՞, որ, երբ մարդը ստանում է անսահման իշխանություն, և չի լինում վերահսկողություն՝ փչանում է։ Պարզ խոսենք, եթե ես այսօր իշխանություն ուզեի, ապա հանգիստ կարող էի լինել Նիկոլ Փաշինյանի թիմում, բայց հենց Նիկոլի համար պետք են մարդիկ, որ նրան ոչ թե գովեն, այլ սխալները ցույց տան»,- նկատեց Ա. Պապյանը։
Բնակիչներից մեկն էլ դժգոհեց, որ իրենց մարզը Հայաստանում որևէ մեկը չի ճանաչում, ճանաչում են միայն ընտրություններից ընտրություն:
«Այստեղ ճանապարհին մի ակումբ ունենք, 40 տարի առաջ եկան քանդեցին ու չեն էլ կառուցում»,- ասաց բնակիչը։
Արա Պապյանը նշեց, որ այդ բոլոր աշխատանքները պետք է անի իշխանությունը, որն ունի բյուջե և հնարավորություններ:
«Սակայն իշխանությունը չի անի, եթե նրա կողքին չլինի մի ուժ, որը նրա ծոծորակից անընդհատ չհրի ու ասի, որ՝ ժողովրդից 50-60 տոկոս ձայն ես հավաքել, գնա այդ ժողովրդի համար էլ գործ արա, ոչ թե հինգ տարին մեկ արի խոստումներ տուր ու գնա»,- շեշտեց Ա. Պապյանը։
Զվարթ Խաչատրյան