«Եթե այս էներգետիկայով ամեն ինչ շարունակվի, ապա ընտրարշավի երկրորդ մասում ականատես կլինենք ավելի կոշտ դեպքերի». Քաղտեխնոլոգ
«Այսօր շատ մեծ տեղ է տրվում ցանցային տեխնոլոգիաներին, մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերի գերակշռող մասը սկսել է աշխատել հենց ցանցերում։ Այստեղ աշխատում են՝ ինչպես սպիտակ, այնպես էլ՝ սև փիառի դաշտում։ Կարծում եմ, եթե այս էներգետիկայով ամեն ինչ շարունակվի, ապա ընտրարշավի երկրորդ մասում ականատես կլինենք շատ ավելի կոշտ դեպքերի։
Այսինքն՝ գործի կդրվի «ֆեյքային» գործիքակազմը, որովհետև արդեն տեսնում ենք, որ այս քարոզարշավում որոշակի եռացող էլեմենտներ կան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր քաղաքական ուժերի կողմից օգտագործվող քաղաքական տեխնոլոգիաներին։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ քարոզարշավի ժամանակ տեխնոլոգիաների կիրառումը բխում է յուրաքանչյուր քաղաքական ուժի մարտավարությունից, այսինքն, թե ամեն մի ուժ ինչպես է դիրքավորվում քաղաքական դաշտում։
Նրա դիտարկմամբ՝ Հանրապետական կուսակցության տեխնոլոգիան այն է, որ նրանք դիրքավորվել են «սև» դաշտում, և յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է այս կամ այն քաղաքական ուժի կողմից, լրացուցիչ անգամ «սև» դաշտում դիրքավորելու համար, պարզապես ջուր է լցնում ՀՀԿ-ի ջրաղացին։
«Այն, ինչ կատարվում է քարոզարշավի այս չորս օրերի ընթացքում, թե՛ իշխանությունը, թե՛ նույն ՀՀԿ-ն ընտրել են նույն «սև» ու «սպիտակի» մարտավարությունը, ինչը բխում է այս երկու քաղաքական ուժերի այս մարտավարական շահից։ Մեկի համար սա շատ հարմար թիրախ է և անընդհատ թիրախավորելով նրանց՝ փորձում է միավորներ շահել և պահել էյֆորիայի որոշակի մակարդակը, գոնե մինչև դեկտեմբերի 9-ը, մյուսների համար էլ «սև» դաշտում տեղավորվելը հատուկ դիրքավորում է, որով փորձում են այն ընտրազանգվածին, որը դժգոհ է Նիկոլ Փաշինյանից և իր քաղաքական թիմից, ընտրեն իրենց։
Իշխանությունը, գոնե այս ընթացքում, ընտրեց «սև» ու «սպիտակի» մարտավարությունը, այլ ոչ թե, ինչպես մեկ ամիս առաջ էր ասվում՝ բարիկադները քանդելու՝ ավելի մեղմ տարբերակը։ Եթե նկատել եք, ընտրապայքարը հիմնականում ծավալվում է այդ երկու բևեռների շուրջ ծավալվող բառապաշարային պայքարի մեջ։ Գաղափարական պայքարի մասին այս պահին խոսելու համար դեռևս առիթ չունենք»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այս քարոզարշավի ընթացքում երաժշտական տեխնոլոգիաները բավականին քիչ են կիրառվել, միայն «Մենք» դաշինքն է հանդես եկել ռոքային հոլովակով, ինչը, նրա բնորոշմամբ, բավականին կրեատիվ է։
Իսկ ՀՀԿ-ի դիրքավորումը «սև» և «սպիտակի» մեջ ռիսկային է, սակայն հետաքրքիր։
Ինչ վերաբերում է «Օրինաց երկիր» կուսակցության հոլովակին, ապա քաղտեխնոլոգի խոսքով՝ այն նույնպես կրեատիվ է, իսկ իշխանության ընտրած կարգախոսը չի կարող ծառայել իր նպատակին, քանի որ որևէ մեկը չի կարող այն հիշել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան