«Մեր բոլոր մրցակիցներին հարգում ենք, ակնկալում ենք, որ մեր նկատմամբ նույնպես քարեր չեն շպրտվի». Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ կլինի բոլոր մարզերում։ Իսկ անձամբ Միքայել Մելքումյանը կենտրոնանալու է իր ընտրատարածքներում՝ Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ, որպեսզի ավելի հասցեավորված աշխատանքներ իրականացնի, նույն կերպ կվարվեն նաև ԲՀԿ մյուս թեկնածուները, սակայն սա չի խանգարելու նրանց, որպեսզի հանդես գան համատեղ մամուլի ասուլիսներով։
«Ցավոք, պետք է ասեմ, որ ավելի շատ քաղաքականացված ընտրություններ կլիներ, եթե չլիներ ռեյտինգայինը, այլ լիներ 100 տոկոս համամասնական։ Այսօր ես կլինեմ Կենտրոնում, որպեսզի շփվեմ մարդկանց հետ և նրանց բուկլետներ բաժանեմ, այսպես ամեն օր՝ մեկ ընտրատարածքում»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, որը նախատեսում է իրականացնել ԲՀԿ-ն, Միքայել Մելքումյանը նշեց, որ ինչպես 2017 թվականի, այնպես էլ այս խորհրդարանական ընտրությունների ծրագում նախատեսված է հանել ճանապարհային նկարահանող սարքերը և «կարմիր գծերը»։
«Ասել եմ, որ պետք է գնանք դրանք վերացնելու, որովհետև 2012 թվականից կան արագաչափեր, ուսումնասիրել եմ, որ տարբեր երկրներում՝ 3-4, մաքսիմում՝ 5 տարին բավարար է, որ վարորդները վարքագիծ դրսևորեն, այսինքն, եթե այսօր արագաչափերը վերացնենք, այնպես չէ, որ վարորդները կսկսեն զանգվածային խախտումներ անել, քանի որ նրանց մոտ արդեն վարքագիծ է դրսևորվել։ Եկեք մեր ժողովրդի մասին լավ կարծիք ունենանք։ Մինչև տուգանքները և միջին աշխատավարձերն իրար հետ փոխկապակցված չլինեն, մենք իրավունք չունենք այս տիպի տուգանքներ ունենալու»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։
Ինչ վերաբերում է մեծածավալ ներդրումների ներգրավմանը, ապա Մ. Միքայելյանի խոսքով՝ տարեկան Հայաստան պետք է մտնի 2-3 մլրդ դոլար, որպեսզի խոսեն բեկման մասին, և բյուջեի մուտքերը պետք է լինեն ոչ թե գնաճի, այլ տնտեսական աճի հաշվին։
Տնտեսական հեղափոխությունից զատ, ԲՀԿ-ն նախատեսում է իրականացնել նաև տեխնոլոգիական հեղափոխություն։
«Մենք առավել քան համոզված ենք, որ երկրում տնտեսական բեկումնային փոփոխություն չի կարող լինել, եթե տնտեսությունը տեխնիկական և տեխնոլոգիական նոր մակարդակի չբերենք։ Պետք է բարձրացվի տնտեսական արտադրողականության աշխատանքը, և նրա աճի տեմպը պետք է բարձր լինի միջին աշխատավարձի աճի տեմպից։ Եվ, իհարկե, պետք է լինի տնտեսության ճյուղային կառուցվածքի կտրուկ փոփոխություն, այսինքն՝ավանդական արդյունաբերության ճյուղերը մնան իրենց տեղում, բայց փոխենք տեխնոլոգիական կառուցվածքը»,- շեշտեց Միքայել Մելքումյանը։
ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում նախատեսված է նաև աշխատավարձերի և թոշակների բարձրացում, սակայն, ըստ Միքայել Մելքումյանի, միտումնավոր չափը չեն գրել, որպեսզի չդիտվի՝ որպես պուպուլիզմ։ Նախատեսված է զարգացնել նաև փոքր և միջին ձեռնարկատիրությունը՝ սահմանելով հարկային բարելավված քաղաքականություն։
Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ քարոզարշավը չեն իրականացնելու «սևի» և «սպիտակի» դասակարգմամբ, դրան դեմ են, քանի որ բևեռացումը չի կարող լավ բանի բերել։
«Մենք պետք է գնանք ներկայացնելու մեր ծրագրերը, ցավոք, Երևանի ավագանու ընտրությունները չդարձան գաղափարների և ծրագրերի ընտրություն։ Այսօր իմ և մեր թիմի ամենամեծ ցանկություն այն է, որ աշխատի ծրագրերի քննարկումը: Մեր բոլոր մրցակիցներին հարգում ենք, չենք գնալու ցեխ շպրտելու, ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ակնկալում ենք, որ մեր նկատմամբ նույնպես քարեր չեն շպրտվի, բայց եթե լինեն նման չարամիտ բաներ, բնականաբար, պատասխանը չի ուշանա»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։
Զվարթ Խաչատրյան