«Անտառ կտրելը մեզ ուղղակի փակուղի է տանում». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստին հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ըստ նախագծի՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի  իրականացումը, որի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝

– պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում,

– անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ,

–  ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ,

–  էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ,

–  խորհրդատվական ծառայություններ։

Ծրագրի իրականացումը նախատեսվում է 4 հիմնական ուղղություններով՝

–   բազմաֆունկցիոնալ նպատակներով դիտարկվող կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարում, կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում մարդկային գործոնի ազդեցության նվազեցում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ միջոլորտային ներդրումների ուժեղացում, ընտրված տարածքների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային տնտեսությունների վարչակազմի ֆինանսական կայունության ապահովում, ընտրված համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

Ըստ նախագծի՝ հաշվի առնելով Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի յուրահատուկ և հարուստ կենսաբազմազանությունը, որպես ծրագրի իրականացման վայր՝ կընտրվեն կենսաբազմազանությամբ հարուստ տարածքները։ Թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, այն հնարավոր է իրագործել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում:

Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացնել հստակ արդյունքներին ուղղված լայնածավալ միջոցառումներ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս դրամաշնորհը նաև սոցիալական ուղղվածություն է ունենալու, օրինակ՝ անտառամերձ տարածքների բնակիչներին ապահովել աշխատանքով, որպեսզի նրանք անտառահատումներ չիրականացնեն: Ի պատասխան՝ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նման հարցեր էլ են ներառված ծրագրում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ կառավարության ռազմավարական մոտեցումը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելն է. «Բնապահպանական հարցերում մենք լինելու ենք առավել նախանձախնդիր:

Մենք երբեք չենք ասել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը փակելու ենք, այլ ասում ենք, որ այն պետք է իրականացվի միջազգային բարձր ստանդարտներով: Ուզում եմ հետևյալ հարցը դնել՝ եթե կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որ, օրինակ՝ սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի, կամ անտառների պաշտպանության մակարդակը բարձրանա, ո՞ւմ համար է դա արվում: Եթե Սևանում սիգը շատ եղավ, էլի նույն տարածաշրջանում ապրող բնակիչներն են որսալու, էլի նրանց շահերից է բխում: Ոչ այնքան վարչական լծակներով պետք է այս հարցը լուծենք, որքան ուղիղ երկխոսություն սկսենք մեր հայրենակիցների հետ: Այսպիսի դրամաշնորհային ծրագրերը շատ կարևոր են, որ կարողանանք մարդկանց համոզել, որ անտառ չկտրելով՝ կարելի է ավելի շատ գումար վաստակել, քան անտառ կտրելով, որ անտառ կտրելը մեզ ուղղակի փակուղի է տանում»:

Էրիկ Գրիգորյանը համաձայնեց, որ ժամանակակից բնապահպանական կառավարումն առանց սոցիալ-տնտեսական բաղադրիչի ուղղակի չի կարող լինել:

Տեսանյութեր

Լրահոս