«Ադրբեջանն արդեն ունի ամերիկյան զենքը ձեռք բերելու պայմանավորվածություն». Արթուր Ղազինյան

«Հայաստանի համար ամերիկյան զենքը բավական թանկ արժե, և դժվար թե Հայաստանը կարողանա առաջիկա տարիներին հավակնել ձեռք բերել այդ զենքը, եթե, իհարկե, այն էժան գնով կամ արտոնյալ պայմաններով մեզ մատակարարելու քաղաքական մակարդակի վրա որոշում չկայացվի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը պատրաստ է զենք վաճառել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։

«Ես ունեմ տեղեկատվություն, որ Ադրբեջանն արդեն ունի ամերիկյան զենքը ձեռք բերելու պայմանավորվածություն։ Բոլթոնն ուղղակի իր գործընկեր-պետությունների միջև հարաբերությունները հավասար պահելու համար նույնն առաջարկեց նաև Հայաստանին՝ շատ լավ գիտակցելով, որ այս պահին Հայաստանը չունի այն ֆինանսական հնարավորությունները, որ ձեռք բերի այդ զենքը»,- ասաց նա։

Հարցին՝ Ադրբեջանն ունի ֆինանսական միջոցներ և բոլոր ուղղություններով զինվում է, սա Հայաստանի համար խնդիրներ չի՞ առաջացնի, նա այսպես պատասխանեց. «Հայաստանի համար խնդիրներ առաջանում են բոլոր ոլորտներում և բոլոր հարցերում, և՛ ներքին, և՛ արտաքին, և՛ սպառազինությունների ձեռքբերման։ ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է հստակեցնել, վերջնականապես հասկանալ՝ մենք ունենք գործընկերային հարաբերություննե՞ր, թե՞ ամեն դեպքում պահպանում ենք այն նախկին ռեժիմը, որը պետք ամբողջությամբ վերանայվի՝ բազմակողմ հարաբերություններից երկկողմ հարաբերությունների վրա ուշադրությունը կենտրոնացնելով։

Այս իմաստով մենք պետք է հստակ մշակենք ազգային անվտանգության ռազմավարություն, որի մեջ պետք է ներառված լինեն պարենային անվտանգությունը, ռազմական, տեղեկատվական, դեմոգրաֆիական անվտանգության հայեցակարգերը»։

Այդ ռազմավարությունը ձևավորելուց հետո, ըստ Արթուր Ղազինյանի՝ իշխանությունը կհասկանա՝ ազգային և պետական շահը որտեղ է գտնվում, ըստ դրա՝ կսկսի գործել. «Հիմա այն քաոսային վիճակում է, ազգային պետական շահի գիտակցումը չունենք։ Այս իրավիճակում սպասել նրան, որ դա կարող է ինչ-որ պահի լուծվել, իրատեսական չէ, քանի որ քաոսային կառավարման արդյունքում ֆունդամենտալ խնդիրներ չեն լուծվում, եթե չկա հայեցակարգային, սկզբունքային մոտեցում։ Սա այն խնդիրներից է, որ պետք է գտնվի ավելի խորը ուշադրության կենտրոնում, պետական քաղաքականության առարկա պետք է դառնա»։

Տեսանյութեր

Լրահոս