Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող Գյուլենը չի պատրաստվում լքել ԱՄՆ-ը
Թուրքիայում 2016թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը, ով վտարանդու կարգավիճակով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, չի պատրաստվում լքել նահանգների տարածքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գյուլենի ԱՄՆ-ում մնալու մտադրության մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ալփ Ասլանդողանը, ով գլխավորում է Alliance for Shared Values գյուլենական կազմակերպությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հերքել է մամուլում վերջերս տարածված լուրերն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին:
Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին:
76-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: