Իրաքի օդուժը Սիրիայում հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին. Al Sumaria
Իրաքի F-16 կործանիչները նոյեմբերի 20-ին Սիրիայի տարածքում մի շարք հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Այդ մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի զինված ուժերի հրամանատարության մամուլի ծառայությունը:
Հարձակման թիրախ են դարձել ԻՊ-ի զենքի ու պայթուցիկ նյութերի պահեստները՝ Իրաքի հետ սահմանի մերձակա Էլ-Բագուզ սիրիական տարածաշրջանում: Նախնական տվյալների համաձայն, գործողության ընթացքում հաջողվել է ոչնչացնել մոտավորապես 40 ահաբեկիչների:
Իրաքի ռազմաօդային ուժերն ավելի վաղ էլ քանիցս հարեւան Սիրիայում ուղղորդված հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերին: Ինչպես պնդում են Բաղդադում, գործողությունները համաձայնեցվում են Դամասկոսի հետ: Սա առաջին գործողությունն է Սիրիայում, որին հավանություն է տվել Իրաքի նոր վարչապետ Ադել Աբդել Մահդին: