Apple-ը կրճատում է բոլոր նոր iPhone-ների արտադրությունը
Միանգամից մի քանի աղբյուրներից ստացված տվյալները հաշվի առնելով՝ Wall Street Journal-ը գրում է, որ Apple-ը կրճատել է iPhone-ի՝ սեպտեմբերին ներկայացված բոլոր երեք նոր մոդելների արտադրությունը: IPhone XS-ի, iPhone XS Max-ի և iPhone XR-ի արտադրության կրճատման տարբեր պատճառներ են նշվում: Սակայն հիմնական պատճառն այն է, որ ընկերությունը պատվերների ավելի մեծ քանակ էր նախատեսել:
Նշվում է, որ ընկերությունը ճիշտ չի հաշվարկել, թե ինչպիսի պահանջարկ են ունենալու նոր սմարթֆոնները: Խոսքը հատկապես iPhone XR-ի մասին է: Սմարթֆոնները ներկայացնելուց հետո ընկերությունում հասկացել են, որ սմարթֆոնների պահանջարկը մոտ 3 անգամ քիչ է, քան նախատեսում էին իրենք: Այդ ժամանակ սմարթֆոնների արտադրությունը կրճատվել է մոտ 3 անգամ: Հիմա ընկերությունը ստիպված է ևս մեկ անգամ կրճատել սմարթֆոնների արտադրությունը:
Մասնագետները գրում են, որ տարօրինակ է, որ Apple-ը կրճատում է սմարթֆոնների արտադրությունը դեկտեմբերի նախաշեմին, քանի որ դեկտեմբերին, սովորաբար, գրանցվում են մեծ քանակությամբ պատվերներ:
Apple-ը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել սմարթֆոնների արտադրությունը կրճատելու մասին:
Սիրարփի Աղաբաբյան