«Ժամանակն է, որպեսզի Հայաստանը լրջորեն վերանայի իր հարաբերությունները Բելառուսի հետ». ադրբեջանագետը՝ զենքի վաճառքի մասին

Նոյեմբերի 19-ին  Բելառուսի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինության և հակաօդային պաշտպանության տեխնիկայի առաքումների ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման մասին։

Ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարության, կարճ ժամանակամիջոցում հուշագիրը կվերածվի Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ գնելու պայմանագրի։

Ադրբեջանագետ, պատմաբան  Գրիգորի Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝ նկատեց, որ առաջին անգամ չէ, որ երկու երկրները գնում են նման գործարքի, սակայն այս փուլում, երբ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ տեղի են ունենում խմորումներ, Ադրբեջանը փորձում է օգտվել առիթից, իսկ Բելառուսն էլ պահը բաց չի թողնում Ադրբեջանի հետ հերթական գործարքի գնալու համար։

«Տարիներ շարունակ Ադրբեջանը զենքեր է գնում մեր դաշնակից Ռուսաստանից, Իսրայելից, Բելառուսից, և պարզ է, որ այդ գնված զենքը ուղղվում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ։ Ադրբեջանի ղեկավարն ամենաբարձր ամբիոնից նույնիսկ չի թաքցնում հայ ժողովրդին բնաջնջելու իր նկրտումների մասին։ Միշտ էլ Հայաստանը Ղազախստանի և Բելառուսի հետ ունեցել է բարդ հարաբերություններ, և այդ երկիրները սովորաբար մտածում են, որ բռնատիրական Ադրբեջանի հետ ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան ժողովրդավարական Հայաստանի։ Ժամանակն է, որպեսզի Հայաստանը լրջորեն վերանայի իր հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկիր Բելառուսի հետ, ինչպես նաև դաշնակիցների հետ»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Ըստ ադրբեջանագետի, եթե ՀԱՊԿ անդամ Բելառուսը զենք է վաճառում Հայաստանին թշնամի համարվող Ադրբեջանին, ապա այստեղ երկու երկրների հարաբերությունները վերանայելու կարիք կա, ընդհուպ՝ մինչև այն հարցը, թե նման պարագայում կարիք կա՞, որպեսզի Հայաստանը շարունակի մնալ ՀԱՊԿ կազմում։

«Փորձը ցույց է տվել, որ, երբ Ադրբեջանի կողմից հայկական գյուղերը գնդակոծվում են, ՀԱՊԿ անդամ երկրները որևէ գործնական քայլ կամ հայտարարություն չեն կատարում, այստեղ լուրջ վերանայելու հարցեր կան։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն այս ընթացքում ՀԱՊԿ-ում զիջումների չգնա և գլխավոր քարտուղարի պաշտոնը չզիջի Բելառուսին կամ Ղազախստանին։ Եթե մենք չկարողանանք ՀԱՊԿ-ում մեզ հասանելիք պաշտոնը պահպանել, կնշանակի՝ կնպաստենք Ղազախստանի և Բելառուսի  հարաբերությունների ավելի ջերմացմանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը մեզ համար ակնհայտ վտանգավոր է»,- շեշտեց Գ. Այվազյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս