Բաժիններ՝

ԵՄ-ն չպետք է մրցի ՆԱՏՕ-ի հետ և կրկնորդի դաշինքի գործառույթները. Ստոլտենբերգ

Եվրամիությունը պաշտպանությանն ուղղված իր նախաձեռնություններում չպետք է մրցի ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդի նրա գործառույթները: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ԵՄ-ի 28 երկրների պաշտպանության նախարարների՝ Բրյուսելի նիստին ժամանելուց հետո:

«Ես միշտ էլ պարզորոշ ասել եմ, որ պաշտպանության բնագավառում ԵՄ-ի ջանքերը չպետք է մրցեն ՆԱՏՕ-ի հետ եւ կրկնորդեն ՆԱՏՕ-ի գործառույթները, որովհետեւ ՆԱՏՕ-ն մնում է ԵՄ-ի անվտանգության հիմքը»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ գլխավոր քարտուղարը նշել է, որ ողջունում է Եվրամիության ջանքերը պաշտպանության ոլորտում:

«Ես ողջունում եմ ԵՄ-ի՝ պաշտպանությանն ուղղված ջանքերը: Ռազմական շարժունակությունը, Մշտական կառուցվածքավորված համագործակցությունը (PESCO), այս ամենը կարող են լրացնել ՆԱՏՕ-ն եւ օգնել՝ զարգացնելու նոր ռազմական կարողություններ»,-հավելել է նա:

Ստոլտենբերգն այս հայտարարությունն արել է, մասնավորապես, ԵՄ-ի բանակի ստեղծման հնարավորության շուրջ վերջերս տեղի ունեցած քննարկումների պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 6-ին Europe-1 ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե հարկ է, որ Եվրամիությունն ստեղծի սեփական միասնական զինված ուժերը:

Նա նաեւ կարծիք է հայտնել է, թե անհրաժեշտ է որ ԵՄ-ն պաշտպանվի Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից: Շատ չանցած նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է ասել, որ ԵՄ-ն պետք է աշխատի հանրակցության միասնական բանակ ստեղծելու ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս